ARM   RUS   ENG

Քաղաքացիներն աշխատելու են իրենց իսկ կենսաթոշակի համար

Այսօր ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ հանդպիմանն անդրադարձավ կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին:

Նա նշեց, որ տարիներ ի վեր գործարկվող սերունդների համերաշխության սկզբունքին զուգահեռ, երբ որդիներն աշխատում են ծնողների կենսաթոշակն ապահովելու համար, այսուհետ նաև քաղաքացիներն աշխատելու են իրենց իսկ կենսաթոշակի համար:

«Նորմալ երկրներում 2.5 քաղաքացի ապահովում են մեկ կենսաթոշակառուի: Հայաստանում մեկ քաղաքացի ապահովում է մեկ կենսաթոշակառուի, ուստի մեր կենսաթոշակը չի կարող բարձր լինել: Այժմ կառավարությունը սկսել է կենսաթոշակային համակարգի փոփոխությունները, որը կապահովի բարձր կենսաթոշակ վաղվա օրվա համար»,- ասաց Հ.Հակոբյանը:

Նրա խոսքով, այն գումարները, որոնք կարելի է այսօր ծախսել կենսաթոշակը մի քիչ բարձրացնելու վրա, այժմ կառավարությունն այնպես է անում, որ հետագայում մարդիկ բարձր կենսաթոշակ ստանան, ուստի Հ.Հակոբյանի համար զարմանալի չէ, որ այսօր կենսաթոշակների բարձրացում չկա:

«Աշխատող քաղաքացիները պետք է 5 տոկոս պարտադիր կուտակային վճար կատարեն, այդ գումարի չափով էլ պետությունը կավելացնի: Այդ գումարները կգտնվեն շրջանառության մեջ, ամեն օր հետևելու ենք գումարների շարժին: Գումարները կավելանան, և այս ճանապարհով ուզում ենք կենսաթոշակային խնդիրը լուծել վաղվա ժամանակով», - նշեց ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը:

Այսօր, ըստ Հակոբ Հակոբյանի, կարևորն այն է, որ ամեն կերպ պետք է ապահովագրվեն ժողովրդի կուտակած գումարները:

Ինչ վերաբերում է արտերկրում աշխատող քաղաքացիներին, ովքեր գրանցված չեն և չեն կարող Հայաստանում կուտակել իրենց կենսաթոշակը, Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե կենսաթոշակային տարիքի հասնելով` նրանք ապրեն Հայաստանում, ապա չեն կարող օգտվել կուտակային կենսաթոշակից: Այդ մարդկանց մնում է սպասել բազային կենսաթոշակին: Դա, պատգամավորի համոզմամբ, կնպատսի, որ նաև արտերկրում աշխատող քաղաքացիներն օրինականացնեն իրենց գումարներն ու կատարեն պարտադիր վճարները:
 

10.03.2010, 14:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |