ARM   RUS   ENG

Քայլեր` ընդդեմ դոլարիզացիայի

Ներկայումս ակտիվ քննարկման փուլում է գտնվում ՀՀ Կենտրոնական բանկի մշակած Հայաստանում դոլարիզացիայի կրճատմանն ուղղված միջոցառումների փաթեթը: Այն ներառում է միջոցառումներ՝ ուղղված թե՛ իրական հատվածի դոլարիզացիայի նվազեցմանը, և թե՛ ֆինանսական հատվածի դոլարիզացիայի նվազեցմանը՝ մակրոպրուդենցիալ միջոցառումների և վերահսկողության խստացման միջոցով:

«Շուտով պատրաստվում ենք միջոցառումների առաջին քայլերն անել, մասնավորապես, մոտակա խորհրդի նիստին պարտադիր պահուստավորման մեջ փոփոխություն ենք անելու»,- այսօր ԿԲ-ում տեղի ունեցած սեմինարի ժամանակ հայտնեց Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:

Առևտրային բանկերի կողմից ԿԲ-ում պավող պարտադիր պահուստավորման նորման այսօր Հայաստանում արտարժութային ավանդների համար 12 % է, դրամային ավանդների համար` 8 %: Ընդ որում, արտարժույթի դիմաց բանկերը պահուստավորում են արտարժույթ, իսկ ազգայինի դիմաց` ազգային:

Ապադոլարացմանն ուղղված միջոցառումների շրջանակում արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց այսուհետև` սկսած ապրիլի 14-ից, 12 %-ի 25 %-ը պահուստավորվելու է ազգային դրամով:

«Քայլերը շարունակելու ենք, և որոշ ժամանակ անց 25-ը դառնալու է 50 %»,- տեղեկացրեց Ա. Ստեփանյանը:

Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ հանրապետությունում դոլարիզացիայի մակարդակը գնահատվում էր մինչև 70%:

11.03.2010, 19:09

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |