ARM   RUS   ENG

Ֆերգյուսոն. «Միևնույն է, թե ում հետ կխաղանք հաջորդ փուլում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Միլանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տոնած 4:0 հաշվով հաղթանակից հետո հիացմունքով է խոսել թիմի խաղի մասին` շեշտելով, որ իր համար միևնույն է, թե քառորդ եզրափակչում որ ակումբի հետ կմրցակցեն: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Երկրորդ խաղակեսում պարզապես հիանալի խաղացինք: Երբ նման փոթորկային տեմպ ենք ցուցադրում, գործնականում մեզ կանգնեցնելն անհնարին է: Այնպիսի թիմի համար, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, միևնույն է, թե հաջորդ փուլում ում հետ կխաղա: Մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- նշել է սըր Ալեքսը:
Ֆերգյուսոնը առանձնահատուկ է գնահատել Պակ Չժի Սունի և «Միլանի» հետ մրցակցությունում 4 գոլի հեղինակ դարձած Ուեյն Ռունիի գերազանց խաղը:

«Ռունին լրջորեն նպատակադրվել է գերազանցել Քրիշտիանու Ռոնալդուի` 2007-2008 թթ. մրցաշրջանի ցուցանիշը: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Ռոնալդուն դարձել է 42 գոլի հեղինակ: Անկեղծ ասած` կարծում էի, որ Ռունիի համար առավելագույնը 30 գոլն է, բայց հիմա հասկանում եմ, որ կարող է ավելին անել: Նա շարունակում է աճել և այս երեկո պարզապես անկասելի էր: Ուզում եմ խոսել նաև Պակ Չժի Սունի մասին: Նա ոչ միայն կարևոր գոլ խփեց, այլև աչքի ընկավ կարգապահ, իմաստուն և անձնուրաց գործողություններով` ընդդեմ Անդրեա Պիրլոյի` «Միլանի» առանցքային ֆուտբոլիստի»,- ասել է Ֆերգյուսոնը:

11.03.2010, 15:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |