ԱԺ նախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան և պաշտոնատար այլ անձինք:
Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը Հարավային Կովկասի երկրներ և համոզմունք հայտնել, որ նրանք հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ առկա խնդիրներին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության գործընթացում, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ հետ, և ընդգծել կազմակերպության աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Ժոաո Սոարեշը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ հյուրընկալվելու համար և, իբրև պորտուգալացի, հայտնել, որ երախտապարտ են հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը ընդգծել է ՀՀ ԱԺ պատվիրակության կարևոր մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը և նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի հարցը լուծվի, Ժոաո Սոարեշը ասել է, որ այդ հարցում բավական խիզախություն է պահանջվում, և պահն է, որ լուծումներ գտնվեն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադության կենտրոնում պահելու փաստը և Գորան Լենմարկերի դերակատարությունն այդ գործընթացում, նախ նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային խնդիրները, հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է նախաձեռնել, և այդ հարցում նա ունի խորհրդարանի աջակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ` ԼՂ հարցը պիտի լուծվի խաղաղ, բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում
«Մեզ համար ամենակարևորը ԼՂ կարգավիճակն ու ԼՂ ժողովրդի անվտանգությունն են»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, և ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, իսկ այդ երկիրը ստորագրված արձանագրությունների վավերացումը կապում է ԼՂ հիմնահարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ: «Մենք արձանագրությունները կվավերացնենք այն ժամանակ, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով երկրում ժողովրդավարության կայացման գործընթացում խորհրդարանի դերին` ԱԺ նախագահը նշել է, որ այն դարձել է թափանցիկ, բազմակարծության ամբիոն, որտեղ խորհրդարան այցելությունների, կազմակերպվող տարբեր քննարկումների, խորհրդարանական լսումների միջոցով իրենց կարծիքը կարող են հայտնել հասարակության տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների անդամներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
11.03.2010, 20:21
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր