ARM   RUS   ENG

ՀԵԻԱ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել

Վայոց Ձորի մարզում այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող ՀՀ Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում տեղի է ունեցել «Համակարգային և ընթացակարգային բարեփոխումները, որպես հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն բաղադրիչ» խորագրով սեմինար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մամլո ծառայությունը, սեմինարի հիմնական նպատակն էր հաստատել գործնական հարաբերություններ տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների հետ: Կարևորելով պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից համատեղ ներկայացվել է համակարգային և ընթացակարգային բարեփոխումներին ուղղված տեսակետներ, առաջարկներ և գործնական քայլեր: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից, հասարակական կազմակերպություններից և ԶԼՄ-ներից, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Սեմինարի 1-ին մասի ավարտից հետո, տեղի ունենավ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, ինչպես նաև Եղեգնաձորի քաղաքապետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին գտնվում Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև Արարատի մարզպետարանի և Արարատի քաղաքապետարանի հետ:
Աղբյուրը նշում է, որ համանման հուշագրեր արդեն ստորագրվել են Տավուշի մարզպետարանի, Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքների քաղաքապետարանների հետ‏: Հուշագրերի հիմնական նպատակներն են. նպաստել վերը նշված մարզերում կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, աջակցել մարզերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, բարձրացնել մարզերի բնակչության կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ իրազեկության մակարդակը, նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը և այլն:
 

11.03.2010, 19:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |