Փոխնակ մայրություն. մեկին` երջանկություն, մյուսին` մեծ գումար
Լիլիթն այս տարի առաջին անգամ ոտք է դրել դպրոց: Նրա ծնողները` Ռիտա և Մայիս Գասպարյանները նշում են, որ իրենց աղջիկը պարզապես երջանկություն բերեց ընտանիքին:
Ամուսինները երկար տարիներ երեխաներ չեն կարողացել ունենալ, ինչպես իրենք են պատմում, 7 տարի առաջ, տեսնելով, որ բոլոր միջոցներն անօգուտ են, որոշեցին գտնել մի կին, որն իրենց համար երեխա կծննդաբերի:
Այսպես ծնվեց Լիլիթը: 7 տարի առաջ մեր հանրապետությունում դեռևս զարգացած չէր փոխնակ մայրության գաղափարը, բայց ԱՆ գլխավոր մանկաբարձ, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշում է, որ արհեստական բեղմնավորումը Հայաստանում կիրառվում է 2003-ի հուլիսից գործող օրենքով, և հասու է ողջ ազգաբնակչությանը:
Այսօր արդեն արհեստական բեղմնավորման կողքին զարգանում է նաև փոխնակ մայրության ինստիտուտը, երբ ամուսիններից վերցվում է բեղմնավորված ձվաբջիջը, տեղադրվում այլ կնոջ` փոխնակ մոր արգանդում:
Հայաստանում մի քանի բժշկական հաստատություններ են իրականացնում նման ձևով բեղմնավորում։ Հարցի իրավական կարգավորմամբ պաշտոնապես նույնպես զբաղվում են սակավաթիվ մասնագետներ։
Փոխնակ մայրությունը ՀՀ-ում սահմանված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով, որով հստակ սահմանված է` ո՞վ է փոխնակ մայրը, ի՞նչ իրավունքներ ունի և ի՞նչ պարտականություններ է կրում։
Բժիշկները նշում են, որ առ այսօր մեր հասարակությունում միանշանակ չի ընդունվում փոխնակ մայրությունը, շատերն անգամ նախընտրում են օտար երկրում ապօրինի փոխնակ մայր գտնել, միայն թե «բարեկամները չիմանան»:
«Կարելի է սեփական ֆիզիոլոգիական հնարավորություններն օգտագործել ի նպաստ մեկ այլ ընտանիքի: Փոխնակ մայրն էլ հոգեբանական ու բարոյական իմաստով պետք է պատրաստ լինի երևույթին. նա հասկանում է, որ իր երեխան չէ` կենսաբանական առումով, այդ երեխային չի տալիս իր ձվաբջիջը, նա ընդամենը միջավայր է, որի մեջ զարգանում է բեղմնավորված սաղմը»,- ասում է փոխնակ մայրության հարցերով զբաղվող AM խորհրդատվական ընկերության փորձագետ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Մխիթարյանը:
Տվյալ դեպքում, ընկերությունն ինքն է գտնում փոխնակ մայրեր, իրականացնում նրանց բուժզննումը, կենսաբանական ծնողների հետ ծանոթությունը, պայմանագրի կնքումն ու հետևելը, որպեսզի 16 էջից բաղկացած պայմանագրի ամեն կետը կողմերը կատարեն անվերապահորեն:
Այստեղ խոստովանում են, որ դժվար է գտնել փոխնակ մայր, ում գիտակցությունն այնքան է զարգացել, որ հասկանում է` գումար վաստակելով` ինչ-որ ընտանիքի էլ երջանկացնում է:
Եթե Ուկրաինայում, Ռուսաստանում 50-70 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում է կատարվում, ԱՄՆ-ում` 100-110 հազար, Հայաստանում` 20-30 հազարի դոլարի սահմաններում հնարավոր է փոխնակ մայրության ծրագիր կազմակերպել ու սպասել 9 ամիս:
Փոխնակ մայրը փորձագետ-բժշկի ներկայացմամբ, շատ դեպքերում դառնում է ընտանիքի ընկեր, որոշ դեպքերում ընտանիքի ու փոխնակ մոր հարաբերություններն ավարտվում են երեխայի ծննդյան հաջորդ րոպեներին:
Որքան էլ երեխան ընտանիքի ամրության հիմքն է, Հայ առաքելական եկեղեցին, սակայն, վերապահումներով է մոտենում արհեստական բեղմնավորմանն ու անվերապահորեն մերժում փոխնակ մոր գաղափարը:
Այսպես, եկեղեցին ասում է, որ անընդունելի է փոխնակ մայրը, քանի որ փոխնակ մայրն ի վերջո դառնում է այդ երեխայի մայրը, նա է կրում այդ երեխային: Մյուս կողմից, կարևորվում է, թե ծնողներն որվքե՞ր են: Մասնավոր դեպքերում միայն ընդունվում է արհեստական բեղմնավորումը, այն դեպքում, երբ տեղի եպիսկոպոսի կողմից դեպքը քննության է ենթարկվել, պարզվել է չբերության իրական պատճառը, քանի որ ըստ Աստվածաշնչի, ի վերջո, ամուսնության նպատակը որդեծնությունը չէ, այլ միասնական կյանքը:
Փոխնակ մայրության հարցերով զբաղվող կազմակերպության փորձագետ-բժիշկն էլ հակասում է, թե որքանո՞վ է արդարացի, որ մի ընտանիք ունի երեխաներ, իսկ մեկն էլ չունի: Բացի այդ, բժիշկը հիշեց վիճակագրությունը, որով անբարո կանայք, մարմնավաճառներն ավելի առողջ են, քանի որ անցնում են բուժզննում, իսկ «ավանդական» հայ ընտանիքի կինը «չի էլ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է եղել գինեկոլոգի մոտ»:
Իսկ ովքե՞ր են փոխնակ մայրերը: Այստեղ արդեն կարևոր է, որ նա մարմնավաճառ չլինի, 18-35 տարեկան պետք է լինի, ինքնուրույն ծննդաբերած մեկ երեխա գոնե պետք է ունենա: Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին փոխնակ մայրությանը, ապա այն միանշանակ չէ, շատերն են ծիծաղում այս երևույթի վրա, շատերի համար դա անբարոյականություն է, և միայն քիչ տոկոսն է ընդունում երևույթը:
Այդ իսկ պատճառով, եթե Եվրոպայում փոխնակ մայրը հանգիստ պայմաններում ապրում է իր տանը, ապա Հայաստանում փոխնակ մոր միջոցով ծնող դառնալ ցանկացողները լրացուցիչ պարտավորվում են նաև քաղաքի մեկ այլ թաղամասում 9 ամսով բնակարան հատկացնել փոխնակ մորը: Բացի այդ, ամսեկան 100 հազար դրամ աշխատավարձ, վիտամիններով հարուստ սնունդ, երթևեկության համար հարմարավետ պայմաններ` տաքսի կամ վարորդ, քանի որ փոխնակ մայրն իրավունք չունի երթուղային նստել:
Այս ամենից հետո մնում է ևս մեկ անգամ համոզվել, որ օրենքը մեր երկրում հասարակ քաղաքացու համար չի գրված, քանի որ դժվար թե հանապազօրյա հացով ապրող ընտանիքը, որտեղ չբերության խնդիր կա, կարողանա իրեն թույլ տալ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ, մեր երկիրն էլ Հոլանդիան չէ, որտեղ փոխնակ մայրությունը բարեգործական հիմունքներով է իրականացվում:
Մեզ մնում է հուսալ չբերության ցածր մակարդակ չունենալու համար, սակայն ԱՆ հրապարակած տվյալներն այդ մասին չեն խոսում, մանավանդ վերարտադրողական տարիքի է հասնում 1990-ականների պատերազմական 30 հազարանոց սերունդը:
Եվ եթե այսօր 70 հազարանոց վերարտադրող սերունդը տալիս է 45 հազար սերունդ, կարելի է պատկերացում կազմել, թե ծնելիության ինչպիսի՞ անկում է մեզ սպասում մի քանի տարուց:
Մեկ օրենք էլ կա թերևս հասարակ քաղաքացիների համար. ձվաբջջի առք ու վաճառքն է, որի համար առողջ և բեղմնավորված ձվաբջջի համար կնոջը վճարվում է 500-1500 ԱՄՆ դոլար, իսկ կինը կարող է միջինը տարվա մեջ մինչև 4 անգամ ձվաբջիջ «տրամադրել»:
11.03.2010, 11:13
Aysor.am
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր