ARM   RUS   ENG

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից մեր թղթակցին հայտնեցին, որ եվրոպական ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 9 մարզիկներ` Սմբատ Մարգարյանը (56 կգ), Առաքել Միրզոյանը (77 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Գևորգ Պողոսյանը (85 կգ), Էդգար Գևորգյանը (85 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):

Կանանց մրցումներում հանդես կգան միայն Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռքի վնասվածք ունի, ուստի չի ընդգրկվել Մինսկ մեկնող պատվիրակության կազմում:

Նշենք նաև, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ Մելինեն ու Հռիփսիմեն նախապատրաստվում են Աբովյանում:

Վերջին հավաքը Հայաստանի ծանրորդները կանցկացնեն հենց մրցավայրում: Նախատեսված է, որ ծանրամարտի մեր պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք կմեկնի մարտի 18-ին:

 

 

 

 

11.03.2010, 16:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |