ARM   RUS   ENG

2010-ի ամենախոշոր երկու վթարները տեղի են ունեցել մեկ օրում

2010թ.-ի առաջին երկու ամիսներին կազմվել է 105 949 արձանագրություն, որից ամրագոտիները չամրակապելու դեպքերը` 19 402 են, իսկ արդեն երեկվա դրությամբ ամրագոտիներից չօգտվողների հանդեպ կազմված արձանագորթյունների թիվը հասել է 23 046-ի:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն այսօր ներկայացրեց հունվար-փետրվար ամիսների վիճակագրությունը:

«Հետիոտնի համար 6326 խախտում է արձանագրվել, երեկվա դրությամբ դա կազմել է 7718: 2010-ի երեկվա դրությամբ ունենք 298 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհերի թիվը 40 է, վիրավորներինը` 410 քաղաքացի: 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 4-ով դեպքերն են աճել, զոհերը 8-ով պակասել են, վիրավորները` 20-ով ավելացել են»,- թվեց Մ. Օհանյանը:

Նա նշեց, որ 2010 թղ.-ի ամենախոշոր երկու պատահարները տեղի են ունեցել մեկ օրում` մարտի 7-ին. խոսքը Մաշտոց-Մոսկովյան և Աթենք-Իսակով խաչմերուկներում տեղի ունեցած բախումների մասին է, որոնց հետևանքով 16 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածնքեր են ստացել:

Մ.Օհանյանի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, 2009-ին 200-ով դեպքերը պակասել էին, 82 մարդ քիչ էր զոհվել, և 282 մարդ քիչ էր վիրավորվել: Սա, ըստ Ճ/Ո պետի, ամրակապվելու և ճանապարհային երթևեկության կանոնների հսկողության խստացման արդյունքն է:

«Եթե կարաղացել ենք բոլորս միասին 82 մարդու կյանք փրկել այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներն ավելացել են, մեծ գործ է: Միայն տուգանքը չէ, որ կիրառվում է, մենք ամեն օր զգուշացնում ենք, որ անցնեն գծանշված տարածքներով, կարմիր լույսին էլ թող նայեն: Ամենօրյա հսկողության տակ են»,- ասաց Մարգար Օհանյանը:

Լրագրողների նկատառումները, թե կարծես չկա այլևս 2009-ի աշնան ոգևորությունը, երբ Ճ/Ո-ն անցավ խիստ ռեժիմի հսկողության, Մարգար Օհանյանը կտրականապես մերժեց:

«Եթե որևէ մեկը կհայտարարի, թե հետիոտների խախտումները մեկ օրում վերանալու են, նման բան չկա: Ձեռք բերածը պահպանվում է, եթե որևէ մեկին թվում է, թե ճանապարհային անվտանգության մասին պետք է միայն ճանապարհային ոստիականության աշխատակիցը զբաղվի, ես համամիտ չեմ»,- հավելեց Օհանյանը` հորդորելով ամենքին ոչ թե սպասել տունագվելու, այլ հետևել ճանապարհային երթևեկության բոլոր կանոններին:
 

11.03.2010, 14:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |