ARM   RUS   ENG

Սարգիս Հովսեփյան. «Կոշտ կխաղամ Արշավինի ու Կերժակովի դեմ»

Ռուսական «Սպորտ Ուիքենդ» հանդեսին տված հարցազրույցում Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը խոսել է իր ֆուտբոլային երկարակեցության, Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» անցկացրած ժամանակների մասին` անդրադառնալով նաև այն փաստին, որ Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականները Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում հայտնվել են միևնույն խմբում:

«Ես արդեն մեկ անգամ չեմ լսել, որ, իբր, հայտնվել ենք թույլ խմբում: Ինձ թվում է, որ, ընդհակառակը, «B» խմբում ակնհայտ ֆավորիտ չկա: Չկան Իսպանիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի ընտրանիները: Այստեղ ցանկացածը կարող է «կրակել»: Այո, Ռուսաստանում շատ «տաք գլուխներ» արդեն հավաքականին տեսնում են Ուկրաինայում և Լեհաստանում: Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Հոպ մի ասա, քանի դեռ չես ցատկել: Միավորներ կարելի է վաստակել ֆուտբոլային խաղադաշտերում, այլ ոչ թե թերթերի էջերում: Կարծում եմ` Ռուսաստանի ընտրանու մարզիչներն ու ֆուտբոլիստները դա շատ լավ են հասկանում:

Ի դեպ, ռուսների հետ հանդիպումներն ինձ համար սովորական խաղեր կլինեն: Պարզապես լավ թիմերի դեմ խաղալը միշտ էլ հաճելի է: Երկրպագուների համար, հատկապես որ ռուսները պետք է գան Երևան, մեծ տոն է սպասվում: Ինձ համար կարևոր չէ, թե ով է խաղադաշտում իմ դեմ դուրս գալիս` ընկե՞րս, եղբա՞յրս: Եթե պետք է, Կերժակովի ու Արշավինի դեմ կոշտ կխաղամ: Գլխավորն այն է, որ կատարեմ իմ աշխատանքը:

Նախկինում Ռուսաստանի հավաքականի հետ արդեն հայտնվել ենք նույն խմբում: 1999 թ. կայացած երկու խաղում էլ պարտվել ենք, ուստի տհաճ հիշողություններ են մնացել: ՌԴ գլխավոր թիմն այն ժամանակ շատ ուժեղ էր: Խաղում էին իսկական աստղեր` Կարպինը, Ալենիչևը, Օնոպկոն, Յուրանը, Տիտովը… Մենք նման թիմի դեմ խաղում քիչ հնարավորություններ ունեինք»,- հայտարարել է Սարգիս Հովսեփյանը:

11.03.2010, 19:53

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |