ARM   RUS   ENG

Կենսաթոշակային բարեփոխումներ. «Համակարգը թերություն չունի»

«Կենսաթշակային բարեփոխումների համակարգը որպես այդպիսին թերություն չունի, այլ` ունի հնարավոր ռիսկեր, որոնք ընդհանրական են երկրի ռիսկերին`քաղաքական, տնտեսական և ֆինանսական: Առավելություններն են` քաղաքացու համար պարզ ու հասկանալի կլինի իր հետագա կենսաթոշակի ձևավորման սկզբունքը, կգործի սոցիալական արդարության սկզբունքը և յուրաքանչյուրի թոշակը կախված կլինի նրանից, թե որքան վճարումներ է կատարել ժամանակին, կգործեն նաև այն ժամանակ, երբ քաղաքացին կգտնվի այլ պատճառներով տևական կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ, կնպաստի երկար փողերի առաջացմանը և ֆինանսական շուկայի զարգացմանը»,- այսօր ասուլիսում հայտարարեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:

Հայաստանում 460 հզ. աշխատող քաղաքացիների պարագայում կա 520 հզ. կենսաթոշակառու: Ճգնաժամային է սկսում համարվել այն համակարգը, որտեղ մեկ աշխատողին բաժին է ընկնում 3 չաշխատող կենսաթոշակառու: Քաղաքացու եկամուտների փոխատվության գործակիցը մեր երկրում այս պահին 25 % է` օպտիմալ է համարվում 40 % գործակիցը: Ընդ որում, ըստ բանախոսի, քաղաքացու աշխատավարձն ինչքան ցածր է, այդ հարաբերական տոկոսն այնքան բարձր է լինում և հակառակը:

Վ. Խաչիկյանի խոսքերով, կենսաթոշակային համակարգի զարգացմանը խոչընդոտում է սոցիալական արդարության սկզբունքը, որովհետև ՀՀ քաղաքացիները, որոնք աշխատում և սոցիալական ապահովության վճարներ են կատարում, այնուհետև դրան համապատասխան կենսաթոշակ չեն ստանում ներկայիս գործող համակարգում:

Նրա կարծիքով, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար հարկավոր են քաղաքական կամք, հետազոտություններ և ենթակառուցվածքների առկայություն, ինչպես նաև ֆինանսական միջոցներ:

«Այս համակարգը շոշափում է բոլոր քաղաքացիների շահերը, այդ թվում` դեռևս չծնվածներինը»,- ասաց Վ. Խաչիկյանը:

11.03.2010, 17:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |