ARM   RUS   ENG

Ցեղասպանության հարցում Հայաստանը պետք է ավելի խտրական լինի

«Ցեղապսանությունը չճանաչելու դեպքում Միացյալ Նահանգները կարող են զոհաբերել համամարդկային սկզբունքները հանուն իրենց տնտեսական շահի»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունման հետ կապված կանխատեսումներին:

«Կստացվի, որ Միացյալ Նահանգները հերթական անգամ փորձեցին իրենց ինչ-ինչ շահերը, այդ թվում նաև առևտրային կազմակերպությունների, ավելի բարձր դասել, քան թե այն համամարդկային սկզբունքները, որոնք հայտարարվում են, որպես ԱՄՆ քաղաքականության ուղենիշներ»:

ՍԻՄ առաջնորդի կարծիքով, Հայաստանի քաղաքականությունը պետք է ավելի հստակեցվի այն երկրների հանդեպ, որոնք դեռևս չեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը, այդ թվում նաև ԱՄՆ-ի:

«Պետք է խտրական վերաբերմունք լինի այդպիսի երկրների նկատմամբ: Եթե երկիրը չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը, ապա Հայաստանն այդ երկրում պետք է իրականացնի բացառապես մեկ խնդիր` որպեսզի երկիրը ճանաչի ցեղասպանությունը: Հակառակ դեպքում այդ երկրի հետ այլ դիվանագիտական շփումները պետք է շատ սահմանափակ լինեն»,- մանրամասնեց նա` հույս հայտնեով, որ ԱՄՆ կհայտնվեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Ցեղասպանությունը ճանաչած այլ երկրների կողքին:

«Քանի դա չկա, Միացյալ Նահանգները չեն կարող ակնկալել, որ հայ ազգը և Հայաստանը պետք է իրենց ընկալեն որպես բարեկամ երկիր: Եթե հանկարծ այս անգամն էլ իրականություն դառնա Քլինքոնի կողմից հնչեցված այն մտքերը, որ Միացյալ Նահանգները չպետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կարծքում եմ, որ այդ դեպքում Հայաստանը պետք է կասեցնի իր մասնակցությունը Իրաքում ու Աֆղանստանում, ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրում, որովհետև ստացվում է, որ մեր երկիրը հայտնվում է ԱՄՆ-ի կողմից ճնշված վիճակում»,- եզրափակեց Հ.Բաբուխանյանը:

 

12.03.2010, 15:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |