ARM   RUS   ENG

Հայաստանի սողանքները` զետեղված մեկ գրքում

Երևանի պետական համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության մասնագետների կողմից մշակվել է «Հայաստանի սողանքները` որպես արտակարգ իրավիճակների հիմնական աղբյուրներից մեկը» գիրքը: Այն հրատարակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Ինչպես Aysor-ին հայտնեց Օրհուս կենտրոնի երևանյան գրասենյակի համակարգող Սիլվա Այվազյանը, նախատեսված է ուսանողների, երկրաբանների, բնապահպանության, քաղաքաշինության ոլորտի մասնագետների, մարզպետարանների համար:

«Գրքում մանրամասնորեն դիտարկված են հանրապետությունում սողանքների ուսումնասիրության հարցերը, դրանց առաջացման, ձևավորման պայմանները և պատճառները, սողանքների տարատեսակները և չափերը ըստ իրենց չափերի, ձևերի, տեղաշարժման մեխանիզմի, ծագման, ձևավորման ժամանակի, ակտիվության աստիճանի և տեղաշարժված ապարների կազմի»,- ասաց Ս. Այվազյանը:

Գրքում նկարագրված են նաև սողանքային երևույթներից հանրապետության տնտեսական օբյեկտների և տարածքների ինժեներային պաշտպանության մեթոդները և տրված է սողանքներից հասցրած վնասների գնահատման մեթոդիկան, սողանքների աշխարհագրական տարածումը ըստ Սևանա լճի և խոշոր գետերի ավազանների (Աղստև, Գետիկ, Փամբակ, Դեբեդ, Հրազդան, Արփա, Վեդի, Որոտան, Ախուրյան, Ողջի), ինչպես նաև սողանքների վտանգավորության հետ կապված շատ այլ հարցեր:

Հավելենք, որ «Հայաստանի սողանքները` որպես արտակարգ իրավիճակների հիմնական աղբյուրներից մեկը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր Երևանի Օրհուս կենտրոնում:
 

12.03.2010, 11:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |