ARM   RUS   ENG

Ճարտարապետների միությունն այլևս անհանգիստ պիտի լինի

«Ամառային կինոթատրոնը 60-ականների ճարտարապետության զգալի նվաճումներից մեկն է, իր արժեքը պահպանում է մինչ օրս: Եվ քանի որ ներառված էր պահպանվող հուշարձանների ցանկում, և համարում էինք, որ պետության կողմից պահպանվում է, ուստի որևէ անհանգստություն չունեինք»,- մինչ այս համոզմամբ ՀՀ Ճարտարապետների միությունն այլ գործերով էր զբաղված, կառավարությունը որոշում կայացրեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քադել ու զարմացնել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին:

Նա ցավով նշեց, որ ճարտարապետների հույսերը չարդարացան, և այսօր ըստ նրա, իրենք արդեն ամեն պահպանվող հուշարձանի հանդեպ պետք է ուշադիր ու զգոն լինեն:

«Սա վտանգավոր, կրկնվող պրոցես է: Այդպես մենք կորցրեցինք Սևան հյուրանոցը, մենք կամայական որոշմամբ այն հանեցինք հուշարձանների ցանկից»,- ասաց Մինասյանը:

Միության դիմում-նամակին, թե ինչո՞ւ պետք է քանդվի Ամառային դահլիճը, ինչպես հաղորդեց Մինասյանը, նախօրեին կառավարությունից կարճ պատասխան է ստացվել. «Ընդամենը գրված էր, որ կառավարությունը, հարգելով կաթողիկոսի խնդրանքը, որոշեց այդ տարածքը հատկացնել եկեղեցի կառուցելու համար»:

Միևնույն ժամանակ, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ բոլորվին դեմ չի եկեղեցի կառուցելուն, բայց քաղաքի կենտրոնում` Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ անիմաստ է համարում ևս մեկ եկեղեցի ունենալը:

Ճարտարապետը վստահեցրեց, որ քանդված եկեղեցին ճարտարապետական որևէ արժեք չուներ, կառուցման շրջանում` 18-րդ դարի սկբզին, Հայաստանում արդեն եկեղեցաշինական արվեստ գրեթե չկար:

«Մենք կողմ ենք, որ նոր եկեղեցիներ կառուցվեն, շատ լավ բան է, երբ բարերարները կառուցում են, բայց մեր հուշարձանները գտնվում են այնպիսի սոսկալի վիճակում, որ պետությունը պետք է իր ուղղությունն ունենա այդ հարցի շուրջ, և որևէ մեկը եթե ուզում է նոր եկեղեցի կառուցել, պետք է նրան բացատրել, որ եթե արդեն քանդված եկեղեցի կա տվյալ գյուղում, ավելի լավ է դա վերակառուցվի»,- գտնում է Մինասյանը:

Բացի այդ, բանախոսի ներկայացմամբ, անպայման եկեղեցի չպետք է լինի, որ արժեքը իմացվի, դա կարող է լինել նաև հասարակական շենք, առանց այն էլ, ըստ Մինասյանի, պատմությունից մեզ հասարակական շենքեր չեն հասել:

Մ. Մինասյանը հույս հայտնեց, որ կառավարությունն ընբռնումով կմոտենա հարցին, մասնագիտական կազմակերպությունների ձայնն էլ կլսի. «Մենք մեր կաթողիկոսին շատ ենք սիրում, բայց կա օրենք, պետք է որևէ օբյեկտի նշանակությունը հաշվի առնելով` գնալ գործընթացի»:

Ճարտարապետների միության նախագահը նաև զարմացած է, թե ինչպե՞ս եղավ, որ որևէ մասնագետի կարծիք չհարցրեց կառավարությունը, բայց հանկարծ «ինչ-որ մի խնդրանք կատարեց»:

Ըստ էության, պետք է վերականգնվի Պողոս-Պետրոս եկեղեցին, սակայն ճարտարապետը հիշեցրեց, որ այդ եկեղեցին ոչ թե Ամառային դահլիճի տեղում, այլ «Մոսկվա» կինոթատրոնի փակ դահլիճների տարածքում է, ուստի որպեսզի եկեղեցին ճիշտ տեղում վերականգնվի, պետք է ողջ Կինոմոսկվան քանդվի:

«Բայց Կինոմոսկվան մեծ արժեք ունի մեր պատմության համար, 60-ականների լճացած վիճակում ամառային կինոթատրոնը կառուցվեց դժվար պայմաններում, ամառային դահլիճը մեր կլիմայական պայմանների համար չտեսնված բան է, երբ կարող ես բաց դահլիճում կինոնկար նայել: Դահլիճը բոլորովին նոր մոտեցում էր, ԽՍՀՄ տարածքի բոլոր ճարտարապետներն էին գալիս ու նայում կառույցը»,- ասաց Մինասյանը:

Նա նաև նկատեց, որ եթե քանդված եկեղեցիները վերականգնելու տրամաբանությամբ շարժվենք, պետք է ողջ քաղաքը վերանայենք, ստեղծենք եկեղեցիներ: Այսպես, օրինակ, Օպերայի տարածքում մատուռ է եղել, Չարենցի դպրոցի տեղում էլ` եկեղեցի:

«Աղոթատեղիները քանդելը շատ վատ բան է, բայց եթե մենք այժմ դա վերականգնելու համար քանդում ենք մշակութային արժեքներ, նույն վատն ենք կրկնում:
Մենք շատ ուրիշ հոգսեր ունենք այն ժամանակ, երբ մի գյուղում 10 եկեղեցի ենք կառուցում»,- հավելեց Մկրտիչ Մինասյանը:

Նշենք, որ Ճարտարապետների միությունը պատրաստվում է հանդիպել նաև կաթողիկոսին, բայց թե ե՞րբ Գարեգին Երկորդը կընդունի միության պատվիրակությանը, դեռ պարզ չէ:
 

12.03.2010, 15:20

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |