ARM   RUS   ENG

«Եթե ճգնաժամը կրկնվի, ո՞վ է երաշխավորելու փողերի վերադարձը»

«Կենսաթոշակային բարեփոխումների համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձային համակարգը դուրս կբերվի ստվերից: Բայց կա մի մեծ խնդիր. այս վիճակով փորձ է արվում մտցնել երկար փողեր, որը Հայաստանում դեռ չկա: Բանկերում ավանդները կամ վրակերը մի քանի տարով են: Այս դեպքում 25-50 տարով փող է լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Ըստ նրա, հայաստանցիների փողերով փորձ է արվում ձևավորել երկարատև փողեր: Այդ համակարգը գործողության մեջ պետք է մտներ 2010 թ. հունվարից, սակայն ճգնաժամի պատճառով հետաձգվել է 2011 թ. հունվար, ինչը, ըստ փորձագետի, խիստ մտահոգիչ է, քանի որ եթե խոսքը գնում է 25-50 տարվա գործընթացների մասին և հետաձգում են 1 տարով, ապա ի՞նչ երաշխիք, որ 2 տարի հետո «ևս մի բան չի լինի և շտկումներ չեն արվի:

Հ. Մեսրոպյանն անընդունելի է համարում այն, որ պետությունը լիցենզավորում է մասնավոր հիմնադրամները, որոնք պետք է կառավարեն քաղաքացիների գումարները, բայց պատասխանատվություն չի կրում կուտակային ֆոնդի գործունեության համար: Ընդ որում, հիմանդրամը փողերը ներդնում է արժեթղթային շուկայում, մինչդեռ, ճգնաժամի պատճառով առաջինը փլուզվեցին արժեթղթային շուկաները. «Եթե ճգնաժամը կրկնվի, ո՞վ է երաշխավորելու փողերի վերադարձը»: Իսկ սղաճն էլ անպակաս է` «ինչքան էլ փողն ավելացնեն, «սղաճն ամեն ինչ ուտում է»:

Հ. Մեսրոպյանի կարծիքով, նախքան կենսաթոշակային նոր համակարգը կգործի, պետք է լուծել արժեթղթերի շուկայի խնդիրը, քանի որ արդեն 16-17 տարի է, ինչ ներդրվել է ՀՀ արժեթղթերի շուկան, բայց իրականում այն չի գործում:

Փորձագետը նաև պնդեց, որ սկզբնական փուլում կենսաթոշակային կուտակային համակարգը պետք է լինի միայն կամավոր, որ մարդը փող դնելուց ռիսկը գիտակցի:

Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը վստահություն հայտնեց, որ նոր համակարգը մարդու կենսաթոշակը զերծ է պահում քաղաքական ազդեցությունից. «Ինչքան կուտակեց, այնքան կստանա, նաև կօգտվի տնտեսության աճից»: Համակարգի ներդրման հետաձգումը նա պատճառաբանեց տեխնիկական խնդիրներով:

Կ. Թամազյանը բացառեց «փողերը կորելու ռիսկը»: Ըստ նրա, պետությունն ուղղակի չի երաշխավորում, բայց բոլոր համակարգերով վերահսկում է հիմնադրամների գործունեությունը:

«Ռիսկեր կան, բայց կառավարվում են»,- հուսադրեց նա:

Նա նաև նշեց, որ արժեթղթերի շուկան թեև թերզարգացած է, բայց լուրջ քայլեր են ձեռնարկվում զարգացման ուղղությամբ, իսկ «առաջարկը կծնի պահանջարկ»:

12.03.2010, 16:59

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |