12/03/2010 09:15
Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որը հավանության է արժանացել 131 կողմ և 130 դեմ ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդերի մասին: Այս մասին հայտնում է «Նուվել դ'Արմենի»-ն:
Շվեդիայի խորհրդարանում 2008 թվականի հոկտեմբերի 2-ից շրջանառվող` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախաձեռնողներն են այդ երկրի Սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնյա-դեմոկրատական, Կանաչների, Ձախերի և Ժողովրդի կուսակցությունները:
1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունվել նաև մարտի 4-ին` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Բանաձևն ընդունվել է կրկին մեկ ձայն տարբերությամբ: