ARM   RUS   ENG

Հեռուստադիտողները չեն ստանա ոչ բարենպաստ հաղորդումներ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չափորոշիչներ սահմանեց, այժմ էլ աշխատում է մասնագիտական էթիկական նորմերի ընդունման ուղղությամբ:

Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախկինում հնչեցվել է տեսակետ, որ ոլորտում կարգավորումը պետք է իրականացնել պետական մակարդակով, սակայն, ըստ նրա, իրականում կարգավորումը ենթադրում է պետական կարգավորում, ինքնակարգավորում և հանրային լծակներով կարգավորում:

«Սա որակական նոր արդյուքնի ստեղծման համար շատ կարևոր է: Ինքնակարգավորման մոդելի ստեղծումն եմ շատ կարևորում: Մի բան է, երբ պետական մարմիններն են միջամտում, մի բան է, երբ հենց հեռարձակողներն են փորձում պահպանել բարոյական նորմեր»,- նշեց Գ.Ամալյանը:

Արդյունքում, նրա համոզմամբ, հեռուստադիտողները չեն ստանա ոչ բարենպաստ հաղորդումներ, կստանան առավելապես էթիկապես պատրաստված հաղորդումներ:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ևս կարևորեց վարքականոնի առկայությունը, ապա հիշեց իր ընկերներից մեկի բնորոշումը հեռուստատեսության մասին. «Հեռուստատեսությամբ օրվա կեսը երգում են, մյուս կեսն էլ պատմում, թե ինչպե՞ս երգեցին»:

Առաջարկություն կա նաև օրենսդրական փոփոխություններ կատարել, սակայն Հ.Հովհաննիսյանը գտնում է, որ այսօր բնագավառում ունենք մի էական բաղադրիչի պակաս. խոսքը մասնագիտական էթիկայի պակասի մասին է:

«Կառուցվածքային առումով շատ ինստիտուտներ ունենք կառուցված, բայց գործառույթային ամռումով բաց է դաշտը: Մենք էթիկական կոդեքսը քննարկեցինք 45 լրատվամիջոցների հետ, և վստահ եմ, կոդեքսի հանրային պահանջը հասունացել է»,- ասաց Հանրային խորհրդի անդամը:

Նրա կարծիքով, վարքականոնը եթերային խոսքը տարբեր տեսակի ոչ նորմատիվային խոսքից դուրս կպահի, ճիշտ կդաստիարակի, ինքնապահպանման, փոխադարձ աջակցության խնդիրն էլ կլուծվի. «100 տոկոսով դարմանի հավանականություն չունենք, բայց որ վիճակը կփոխվի, լավատես ենք»:

Նշենք, որ էթիկական վարքականոնին զուգահեռ, կլինի նաև մրցանակաբաշխություն, որի նպատակն է լրատվամիջոցին հանրային գնահատական տալ:

«Առաջարկել ենք ձևավորել մշտադիտարկման խորհուրդ, ովքեր կարող էին կետային ակտիվ գործունեություն իրականացնել, աջակցել ազգային մրցանակաբաշխությանը:
Մեխանիզմները, նոմինացիաները դեռևս կառուցակարգային փուլում են»,- տեղեկացրեց Հ.Հովհաննիսյանը:

Հավելենք, որ վարքականոնն առայժմ քննարկումների փուլում է, սակայն մինչև մայիսի 31-ը պետք է արդեն հանրապետության նախագահին ներկայացվի վերջնական տարբերակը, որից հետո կարճ ժամանակում այն պետք է ընդունվի:
 

12.03.2010, 15:59

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |