Արմեն Աշոտյանն ընդունել է Գրիգոր Տաբատաձեին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ այս հանդիպումը երկար սպասված էր, և երկու հարևան երկրների հարաբերություններում կրթության ոլորտը գերակա ուղղություններից մեկն է հանդիսանում, առավել ևս, որ երկու երկրներն ունեն դարերով ձևավորված ավանդույթներ: «Ընդհանուր տնտեսություն ունեցող երկրները պետք է ունենան ընդհանուր կրթական տարածք` առավել ինտեգրվելով հատկապես բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում և իննովացիոն համագործակցության դաշտում»,- նշեց նախարարը` հավելելով, որ կրթության ոլորտում երկու պետությունների միջև իրականացվել են բազմաթիվ արդյունավետ նախագծեր, բայց առկա են նաև հիմնախնդիրներ: Նախարարն անդրադարձավ մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես, Վրաստանում մեր հայրենակիցների կրթական իրավունքների պահպանմանը: Նա նշեց, որ հայոց լեզու, հայ գրականություն, հայ եկեղեցու պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման գործընթացում նախորդ տարի առաջացել են որոշակի խնդիրներ, որն առավելապես երկու կողմերի չհամակարգված գործունեության հետևանք է: Այս համատեքստում նախարարը տեղեկացրեց, որ այս տարի պահպանվել են նշված ոլորտի բյուջետային հատկացումները և հույս հայտնեց, որ նշված գործընթացն այսուհետ առավել հարթ կընթանա: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև Սփյուռքի հայկական կրթօջախներին, մասնավորապես, Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվող դասագրքերի խնդրին: Նախարարը նշեց, որ աշխարհի շուրջ 60 երկրի հայկական կրթօջախներին ամեն տարի տրամադրվում է ավելի քան 32 հազար կտոր դասագիրք: Որևէ տեղ ուսումնամեթոդական գրականության հետ կապված խնդիր չի առաջացրել և տարօրինակ է, որ նման խոչընդոտ ի հայտ է եկել Վրաստանում. «Եթե առկա է տվյալ երկրի ուսումնական գործընթացների համաձայնեցման խնդիր, ապա մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և գտնել այնպիսի մեխանիզմներ, որ նման խնդիրներ այլևս չառաջանան»,-նշեց Ա. Աշոտյանը: Երրորդ խնդիրը, որին անդրադարձավ նախարարը, վերաբերում էր Վրաստանի հայերով խիտ բնակեցված տարածքում հայ-վրացական համատեղ համալսարանի ստեղծման գաղափարին: Այս համատեքստում նախարարը նշեց, որ միջպետական բուհական համագործակցության դաշտում հայկական կողմն ունի մեծ փորձ. Հայաստանում գործում են հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-ռուսական համալսարաններ:
«Այս խնդիրը շատ կարևոր է և պետք է լուծվի պետական մակարդակով: Համալսարանն ինքնատիպ ինտելեկտուալ կրթական կամուրջ կհանդիսանա երկու երկրների մտավոր ներուժի համար` ամրապնդելով քաղաքական և տնտեսական համագործակցությունը»,-նշեց Ա. Աշոտյանը: Հանդիպման ընթացքում նախարարը հանդես եկավ նաև նոր առաջարկով` ԵՊՀ-ում կամ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացել վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոն, որը կհանդիսանա վրացական մշակույթի և լեզվի զարգացմանը նպաստող կենտրոն: «Որքան լավ միմյանց ճանաչենք ու համատեղ գործենք, այնքան դյուրին և արդյունավետ կլինի մեր հարևանությունը: Մենք միշտ բաց և պատրաստակամ ենք քննարկելու և համատեղ իրականացնելու ցանկացած ծրագիր»,- նշեց նախարարը:
Դեսպանը նշեց, որ կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության համաձայնագիրը ամբողջությամբ չի բխում երկու երկրների միջև ձևավորված պատմական և ներկա համագործակցության մասշտաբներից` հավելելով, որ անհրաժեշտություն կա առավել խորը և բովանդակային համագործակցության: Դեսպանը նախարարին փոխանցեց Վրաստանի կրթության նախարարի հրավերը` այցելել հարևան երկիր` տեղում ծանոթանալու Վրաստանի կրթական համակարգին, բարձրացված հարցերը քննարկելու և երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնից:
16.03.2010, 17:47
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր