ARM   RUS   ENG

Չիչեկ. «Խորհրդարանը պատմությունն ուսումնասիրելու վայր չէ»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևերը, ըստ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկի, լուրջ վնաս են հասցնում կարգավորման և խաղաղության գործընթացին: Այս մասին, ինչպես հաղորդում է Թրենդ.ազ գործակալությունը` հղում անելով ՏՌՏ ռուսաստանյան ծառայությանը, Չիչեկը հայտարարել է Նախարարների խորհրդի նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին:

«Խորհրդարանը պատմությունն ուսումնասիրելու վայր չէ: Այդ իսկ պատճառով որոշումները համարում եմ անտրամաբանական», - ասել է Ջ.Չիչեկը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մարտի 4-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունվել:

Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին նույնպես ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն:

1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:
 

16.03.2010, 09:43

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |