ARM   RUS   ENG

Թուրք պատգամավորները հայերին աքսորելու կոչ են արել

Որոշ երկրների խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման կապակցությամբ երեկ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսել է երկրի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին և ԱՄՆ-ում և Շվեդիայում Թուրքիայի դեսպաններ Նամիկ Թանին և Զերգուն Կոռութուրքին:

Ինչպես հայտնում է «1նյուզ.ազ»-ը` հղում անելով «Սաբահ» թերթին, քննարկումների ժամանակ պատգամավորները պահանջել են կառավարությունից ավելի կոշտ արձագանքել նման բանաձևերին: Կոչեր են հնչել նույնիսկ աքսորել Թուրքիայի տարածքում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև փակել Իլջիռլիքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան:

«Թուրքիան հնարավորություն է տվել հայերին օրենքից դուրս բնակվել իր տարածքում, հաշվի առնելով, որ Հայաստանում խիստ ծանր իրավիճակ է տիրում: Բացի այդ, եթե մենք գնանք նման քայլի, ի՞նչ կմտածի մեր մասին Արևմուտքը: Միանգամից բոլոր արևմտյան ԶԼՄ-ները արշավ կսկսեն Թուրքիայի դեմ և կաղաղակեն, որ Անկարան հայերին է վտարում: Դա մեզ ծանր իրավիճակի մեջ կդներ»,-ասել է Դավութօղլուն:

Ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ նա նշել է, որ Անկարան չի պատրաստվում դրանք խորհրդարանից հետ կանչել:

«Ամեն ինչ ունի իր ժամանակը: Չարժի որոշումներ կայացնել, որոնք հետագայում կարող են վնասել մեր շահերին: Բայց մենք ավելի ակտիվորեն սատար կկանգնենք մեր ազգային շահերին, և թող բոլորը դա իմանան: Թուրքիան այն երկիրը չէ, ում հետ կարելի է ճնշումների լեզվով խոսել: Մենք օգտագործելու ենք այս փաստաթղթերը որպես մեր ձեռքի գործիք»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ահմետ Դավութօղլուն նաև հայտնել է, որ անհրաժեշտ է ապագայում հաշվի առնել նման իրավիճակի ստեղծման հնարավորություններն ու ուժեղացնել ազդեցությունն այլ երկրների խորհրդարանների վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մարտի 4-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունվել:

Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին նույնպես ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն:

1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:
 

16.03.2010, 11:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |