ARM   RUS   ENG

Տնօրենների լարվածության մակարդակն այս տարի ավելացել է

Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունների տնօրենների մոտ կեսից ավելին (56%), զգում են, որ իրենց լարվածության մակարդակը ավելացել է, ի տարբերություն նախորդ տարվա: Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցի (ՄԶԳ) հետազոտություններին մասնակցում են 36 երկրի ավելի քան 7400 ընկերություն: Չինաստանը, որտեղ գործատուների լարվածության մակարդակը նախորդ տարվանից աճել է 76%-ով, գլխավորում է այդ ցուցակը: Այս մասին հայտնեցին Գրանթ Թորնթոն խորհրդատվական ընկերության հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Ցուցակի վերևում հայտնված մյուս երկրներից են Մեքսիկան (74%), Թուրքիան (72%) և Հունաստանը (68%): Հայաստանի գործատուների լարվածության մակարդակը ի տարբերություն 2009- ի ավելացել է 58%- ով:

Զեկույցը ցույց է տալիս, որ գոյություն ունի կապ լարվածության մակարդակի և ՀՆԱ-ի միջև: Չինաստանի, Վիետնամի, Մեքսիկայի, Հնդկաստանի և Թուրքիայի գործատուները ունեն լարվածության ամենաբարձր մակարդակը, դրանք նաև այն երկրներն են, որտեղ ակնկալվում է ՀՆԱ-ի մեծ աճ: Լարվածությունը մեծ է ոչ միայն այդ երկրներում, այլև Իռլանդիայում, Իսպանիայում և Հունաստանում: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի շուկաների գծով պատասխանատու Ալեքս Մակբիթը մեկնաբանում է. «ՀՆԱ աղյուսակի երկու ծայրերում էլ կան երկրներ, որտեղ լարվածության մակարդակը տարբեր պատճառներով բարձր է: Չինաստանում ճնշումը առաջանում է զարգացման տեմպերին հասնելու ձգտումից, իսկ օրինակ Իռլադիայում, որտեղ տնտեսությունը ճգնաժամ է ապրում, գործատուները մտահոգված են, թե ինչպես են պահպանելու իրենց բիզնեսը:»

Գործատուներին հարց էր տրվել աշխատանքային լարվածության պատճառների մասին: Զարմանալի չէր, որ 2009-ին հարցվողների 38% որպես ամենատարածված պատճառ նշել էին տնտեսական միջավայրը: Այլ կարևոր պատճառներից էին դրամական հոսքերի վրա ճնշումը (26%) և մրցակիցների գործունեությունը (21%): Գագիկ Գյուլբուդաղյանը, Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր, մեկնաբանում է. «Հայաստանում գործատուները ճնշման տակ են մի քանի պատճառներով՝ տնտեսական միջավայրի փոփոխություններ (ճգնաժամ) 27%, աշխատանքի ծանրաբեռնվածություն (19%), մրցակիցների գործունեություն (17%) և դրամական հոսքերի խնդիրներ (14%): Դրանք հայկական ձեռնարկությունների ամենօրյա գործունեության գլխավոր խոչընդոտներն են: Վիճակագրությունն իրականում շատ պատկերավոր է և ճշգրիտ կերպով ներկայացնում է մեր գործատուների հոգսերը (ինչը բնորոշ է բոլոր երկրներին): Հարկ է նշել, որ հայ գործատուները կարծում են, որ աշխատանքի գերծանրաբեռնվածությունը լարվածություն ստեղծող երկրորդ ամենամեծ պատճառն է իրենց առօրյա աշխատանքում»:
 

16.03.2010, 11:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |