ARM   RUS   ENG

«Նման բիզնես-ֆորումները թույլ են տալիս բացահայտել ներուժը»

Մարտի 18-ին Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի` Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենա հայ-սլովակյան գործարար համաժողով, իսկ ապրիլի 8-9-ին Հայաստանի և Թուրքմենիայի միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կանցկացվի հայ-թուրքմենական գործարար համաժողով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

«Նման բիզնես-ֆորումները թույլ են տալիս բացահայտել ներուժը, բոլոր այն հնարավորությունները, որ առկա են երկու երկրների համագործակցության մեջ. վերլուծվում է առևտրային իրավիճակը, դուրս են բերվում զարգացման հնարավորությունները, ներկայացվում են Հայաստանում ներդրումային հնարավորությունները»,- նշեց Ռ. Հարությունյանը:

Նա հայտնեց նաև, որ ապրիլին տեղի է ունենալու սննդի ցուցահանդես Աբու Դաբիում, և գործակալությունն այժմ աշխատում է հայկական տաղավարի ստեղծման ուղղությամբ: Ցուցահանդեսին մասնակցության ցանկություն են արդեն հայտնել հայկական 15-20 ընկերություններ. «Դա կապում ենք նաև Զվարթնոցի` ազատ առևտրի գոտու ծրագրի հետ: Նաև մայիսին բիզնես-ֆորում է լինելու Հայաստանում, որտեղ կհրավիրենք իրենց խոշորագույն ներդրումային ընկերություններից և կներկայացնենք մեր ներդրումային ծրագրերը»:

Անդրադառնալով Շանհայի «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» ցուցահանդեսին, որն աննախադեպ է համարվում սպասվող 170 մլն այցելուների տեսակետից, Ռ. Հարությունյանը նշեց, որ Հայաստանը ներկայանալու է յուրովի` «Միտք և ժամանակ» խորագրով, որի շրջանակում ցուցադրվելու է «Աշխարհի քաղաք» կոնցեպտը:

«Չինական կողմն արդեն առանձնացրել է մեր կոնցեպտը` որպես շատ հետաքրքիր, և Հայաստանը միակ երկիրն է, որ հնարավորություն է ստացել անընդհատ դինամիկ փոփոխել տաղավարը` ավելացնելով թաղամասեր»,- ասաց Ռ. Հարությունյանը:

16.03.2010, 16:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |