ARM   RUS   ENG

«Օբաման պետք է լինի իր խոսքի տերը»

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումից օգտվում են երրորդ ուժերը»,- գտնում է քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը: Այսօր նա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Շվեդիայի և Կաստիլիայի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունումը տեղի է ունեցել ոչ թե հօգուտ Ցեղասպանության միջազգային ճանաչման, այլ` զուտ ի շահ այդ երկրների:

Ըստ փորձագետի, Կաստիլիայում և Շվեդիայում բանաձևերի ընդունումը տեղի չի ունեցել սփյուռքահայության մասնակցությամբ, ինչը խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են նաև շահարկվել այլ երկրների կողմից:

«Ոչ բոլոր եվրոպական երկրներն են ուզում, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, ու օգտվում են նրանից, որ Անկարան այսօր պատրաստ չէ ճանաչել ցեղասպանությունը, ուստի և չի կարող լինել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- նշեց նա:

«Թուրքերը ձգձգեցին արձանագրությունների վավերացումը, ժամանակ տվեցին այն ուժերին, որոնք դեմ են, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, և վերջիններս օգտվեցին դրանից»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման խնդրին` Ստեփան Գրիգորյանը նշեց, որ եթե Վաշինգտոնը չի ցանկանում խաթարել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, նա չպիտի քաղաքականացնի Ցեղասպանության ընդունումը:

Ըստ բանախոսի, եթե Միացյալ Նահանգները ճանաչեն Ցեղասպանությունը և դրանով հարվածեն Անկարային, հնարավոր կդառնա ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը, որը կվնասի Հայաստանին:

«Օբաման պետք է լինի իր խոսքի տերն ու առանց ձգձգելու ճանաչի Ցեղասպանությունը, որպեսզի հնարավորություն չտա Թուրքիային ժամանակ շահել», - գտնում է բանախոսը: Նրա կարծիքով, շուտափույթ և առանց Անկարայի վրա ճնշումներ գործադրելու ճանաչման դեպքում` Միացյալ Նահանգները չեն թուլացնի իրենց կապերը Թուրքիայի հետ:
 

16.03.2010, 16:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |