ARM   RUS   ENG

«Կենգուրու 2010»-ն ընդլայնում է աշխարհագրությունը

Հայաստանի ողջ տարածքում վաղը`մարտի 18-ին կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և առարկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել դպրոցականների համար:

Խաղ-մրցույթի մեկնարկի կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, ասուլիսին Ն. Հովհաննիսյանը, հաջողություն մաղթելով մրցույթի բոլոր մասնակիցներին, նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում անչափ կարևորված են բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երեխայի գիտելիքների գնահատման, խրախուսման և ունակությունների բացահայտման խնդիրներին:

««Կենգուրու» խաղ-մրցույթը նախևառաջ ընդգծում է «Մաթեմատիկա» առարկայի կարևորությունը. այսօր ստեղծվում են առանձին ավագ դպրոցներ, որոնք ունեն հոսքային տարբերակված ուսուցում, և բոլոր հոսքերում կարևոր տեղ է գրավում «Մաթեմատիկա» առարկան, որի ժամաքանակը բավականին կայուն է ուսումնական պլանում»,- նշել է հանրակրթության վարչության պետը:

Դ. Սահակյանը նշել է, որ «Կենգուրու» մրցույթը տարեցտարի ավելի լայն ընդգրկում է ստանում Հայաստանում, և կարելի է վստահորեն ասել, որ «Կենգուրուն» վերածվել է նոր կրթական մանկական շարժման:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջինն էր, որ հավատաց մրցույթի ներուժին և այդ պահից աջակցում է մեզ: Անցյալ տարի, երբ մրցույթն առաջին անգամ անցկացվեց մեր երկրում, այն համախմբեց 30 000-ից ավելի աշակերտ` 570 դպրոցից: Այս տարի բոլոր կանխատեսումները մասնակից դպրոցների և աշակերտների թվի հետ կապված ավելի քան գերազանցվեցին. 2010 թ. մարտի 18-ին Հայաստանի 902 դպրոցից 39 400 աշակերտ մասնակցելու են «Կենգուրու» խաղ-մրցույթին»,-նշել է հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ մրցույթը հիմնականում կայանում է երեխաների աննախադեպ ակտիվության և մասնակցության շնորհիվ: Դ. Սահակյանն անդրադարձել է նաև այս տարվա մի շարք նորամուծությունների: Նախևառաջ, բոլոր երեխաները խնդիրները կստանան երկլեզու` հայերեն և ռուսերեն տարբերակներով: Այս տարի կընդլայնվի նաև մրցույթի անցկացման աշխարհագրությունը. ապրիլ ամսին փորձնական ծրագիր կիրականացվի Լեռնային Ղարաբաղում: Հաջորդ տարի կմշակվեն համապատասխան մեխանիզմներ` գյուղական դպրոցների մասնակցությունը դյուրացնելու նպատակով:

Բանախոսները նշել են, որ երեխաների համար հատկապես ոգևորիչ է այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր բարձր ուշադրության ներքո է պահում «Կենգուրու» մրցույթը և անձամբ հանդիպում հաղթողներին ու մրցանակակիրներին` խրախուսելու համար նրանց փոքր, բայց կարևոր հաղթանակների ճանապարհին և անձամբ հանձնելու մրցանակներն ու պատվոգրերը:

Մրցույթի արդյունքում մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաները կարժանանան պատվոգրերի և մրցանակների: Մրցույթի հաղթողները կմասնակցեն ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Կենգուրու` առանց սահմանների» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում:
 

17.03.2010, 18:37

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |