Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի է ունենում գովաբանական աղոթք
Այս րոպեներին Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի է ունենում գովաբանական աղոթք` ի նշանավորում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի` Հայաստան կատարած այցին:
Ինչպես հայտնում է Aysor-ի թղթակիցը, արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Վատիկանի առաքելական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտին, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար այլ անձիք:
Ողջունելով ներկաներին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց.
«Այսօր հոգևոր բերկրանքով համախմբվել ենք միասնական աղոթքի` հայոց լուսավորիչ և առաջին հայրապետ Գրիգորի անունը կրող Երևանի եկեղեցում`մեզ աղոթակից ունենալով հավատացյալ հայ ազգին: Մեծ Պահքի աղոթական խորհման այս շրջանում առանձնակի խորհուրդ ունի դեպի Հարության կյանքի հույսը բացված մեր միասնական աղոթքը և ջերմեռանդ հայցը` մեր Սուրբ եկեղեցիների անսասանության, հավատակից մեր ժողովուրդների անխախտ բարեկամության և աշխարհի խաղաղության համար»:
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ կյանքի դժվար ժամանակներում, երբ հայ ժողովուրդը հայացքն ուղղեց դեպի Ռուսաստան, միշտ գտավ անկեղծ աջակցություն, իսկ հանձինս հայության` Ռուսաստանը միշտ ունեցավ հավատարիմ դաշնակից:
«Մեր հոգիներին բերկրանք ու խրախույս են բերում մեր պետությունների դաշնակցային հարաբերությունները և օրեցօր զարգացող արգասաբեր համագործակցությունը` հնարավոր դարձնելով, որ խաղաղ ու ազատ պայմաններում զորանան մեր եկեղեցիների եղբայրական հարաբերությունները»,- ասաց Ամենայն Հայոց հովվապետը:
Գարեգին Երկրորդը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինին հանձնեց «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:
Ընդունելով Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևը` Կիրիլ Առաջինը խորհին երախտագիտություն հայտնեց նման բարձր պատվին արժանանալու համար:
«Հայ եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Պատմական Հայաստանի տարածքի մասին մենք իմանում ենք Սուրբ գրքի էջերից, և բոլորին հայտնի է, որ Հայաստանն առաջինն էր քրիստոնեությունն ընդունել` որպես պետական կրոն: Անկարելի է քրիստոնեության պատմությունը Հայաստանում պատկերացնել` առանց Գրիգոր Լուսավորչի անվան, և այս հոյակերտ տաճարը հենց օծված է հանուն Հայաստանի Մեծ Լուսավորչի»,- ասաց Ռուսիո հովվապետը:
Նա նշեց, որ պատմական նոր պայմաններում, երբ հայ ժողովուրդն անկախություն ձեռք բերեց անցած դարի 90-ական թվականներին, երկու ժողովուրդները միասին ապրեցին տնտեսական և քաղաքական անկայունության շրջանը և կարողացան դուրս գալ այդ ճգնաժամից:
«Բայց աշխարհիկ քաղաքականությունը չի կարող գոյատևել առանց հոգևոր և բարոյական ուղենիշների: Մեզ` հնագույն մշակութային ավանդույթներ կրողներիս համար, արժեհամակարգը ձևավորվել է շնորհիվ քրիստոնեական հավատքի, և այսօր պետք է հոգ տանենք, որպեսզի այդ արժեքները չանհետանան մարդկային կյանքից»,- ասաց Կիրիլ Առաջինը: Նա, իր հերթին, սրբապատկեր նվիրեց Գարեգին Երկրորդին` մաղթելով, որ Աստված պահպանի հայ ժողովրդին:
Սբ. Գրիգոր Լուսավորչի տաճարում աղոթքի ներկա հավատացյալները ստացան Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:
17.03.2010, 19:50
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր