ARM   RUS   ENG

Դատարանը բավարարել է Աբրամովիչի հայցը` ընդդեմ «La Repubblica»-ի

Իտալական «La Repubblica» թերթը պետք է հերքում տպագրի և այսուհետ չհրապարակի այնպիսի բովանդակությամբ նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել ռուս գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հեղինակությանը:

«La Repubblica»-ն հասցրած բարոյական վնասի դիմաց Ռոման Աբրամովիչին պետք է դրամական փոխհատուցում վճարի: Իսկ վերջինս մտադիր է այդ գումարներն օգտագործել բարեգործական նկատառումներով»,- նշված է Աբրամովիչին պատկանող «Միլհաուս» բաց բաժնետիրական ընկերության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Աբրամովիչը հայց էր ներկայացրել դատարան` ընդդեմ «Editoriale Gruppo SpA» ընկերության, որը «La Repubblica»-ի հիմնադիրն է: Թերթը 2009 թ. մայիսի 3-ին հոդված է տպագրել` «Սև տարի Աբրամովիչի համար. նա զբոսանավը կորցրել է պոկեր խաղալիս» վերնագրով:

«Հոդվածի հիմնական բովանդակությունը կազմում էին սուտ տեղեկությունները, որ, իբր, Աբրամովիչը թուլություն ունի ազարտային խաղերի նկատմամբ, և դա նույնիսկ սպառնում է նրա ու Դարյա Ժուկովայի հարաբերություններին: Իբր, խաղերի արդյունքում ունեցած պարտքերը մարելու նպատակով նա ստիպված է եղել հանձնել կես միլիոն եվրո արժողությամբ զբոսանավը»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

Գործարարի ներկայացուցիչները ժամանակին տեղեկացված չեն եղել պատրաստվող հոդվածի մասին: Հակառակ դեպքում թերթի ղեկավարությանը կտեղեկացվեր, որ նման հաստատումներն իրականությանը չեն համապատասխանում:
Դատարանում «La Repubblica»-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ այդ փաստերը թերթում հայտնվել են առանց որևէ հիմքի և չպետք է հրապարակվեին: Նրանք նաև ներողություն են խնդրել Աբրամովիչից` պատճառած տառապանքների և բարոյական վնասի համար:

Ավելացնենք, որ «Միլհաուսի» մամուլի ծառայությունը հրաժարվել է հստակեցնել, թե «La Repubblica»-ն, որպես փոխհատուցում, որքան գումար պետք է վճարի Աբրամովիչին:

18.03.2010, 19:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |