ARM   RUS   ENG

Բանդովիչ. «Մրցակցին չափից ավելի հարգանքով վերաբերվեցինք»

Հունական «Օլիմպիակոսի» գլխավոր մարզիչ Բոժիդար Բանդովիչը ֆրանսիական «Բորդոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից հետո, որում նրա թիմը զիջեց 1:2 հաշվով և դուրս մնաց պայքարից, արժանին է մատուցել մրցակցին: Նա կարծում է նաև, որ երկրորդ խաղակեսում «Օլիմպիակոսն» ավելի հետաքրքիր խաղ է ցուցադրել, քան «Բորդոն»: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Պետք է շնորհավորեմ «Բորդոյին», որն այսօր շատ լավ խաղաց: Պատասխան հանդիպումը հետաքրքիր ստացվեց: Մենք շատ արագ գոլ բաց թողեցինք, սակայն չթուլացանք և խլեցինք նախաձեռնությունը: Ըստ իս` երկրորդ կեսում ավելի հետաքրքիր խաղ էինք ցուցադրում, քան «Բորդոն»: Կարողացանք հավասարեցնել հաշիվը, իսկ այնուհետև ևս մի քանի գոլային հնարավորություններ ստեղծեցինք:

Ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ֆուտբոլիստներին, չնայած եթե նրանք մի քիչ ավելի հավատային իրենց ուժերին, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել: Առայժմ չեմ կարող ասել, թե ինչպես բաց թողեցինք երկու գոլը: Գիտեինք, թե «Բորդոն» որքան վտանգավոր է հատկապես ստանդարտների խաղարկման ժամանակ: Հենց այդ պատճառով չպետք է խաղի կանոնների խախտումներ թույլ տայինք մեր տուգանային հրապարակի մերձակայքում:

«Բորդոն» լավ թիմ է, սակայն նրան մենք չափից ավելի հարգանքով վերաբերվեցինք: Տանը պարտվել էինք, ուստի այսօր շեշտը դրել էինք հարձակման վրա: Սեփական հարկի տակ խաղում պարտությունը շատ դժվարացրեց մեր կյանքը, քանի որ իր մարզադաշտում «Բորդոն» միշտ էլ հիանալի խաղ է ցուցադրում: Արդյունքում անհաջողության մատնվեցինք»,- ասել է Բանդովիչը:

 

18.03.2010, 16:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |