Ռոման Բերեզովսկին բարձր է գնահատում «Զենիթի» հնարավորությունները
Մերձմոսկովյան «Խիմկիի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին bobsoccer.ru-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել ռուսաստանյան Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի կենտրոնական` «Զենիթ»-«Սպարտակ» հանդիպման մասին: Հիշեցնենք, որ նա «Զենիթի» կազմում անցկացրել է 8 մրցաշրջան:
- Դուք դիտե՞լ եք «Զենիթի» և «Սպարտակի» մեկնարկային հանդիպումները:
- Թուրքիայում, որտեղ հիմա գտնվում է իմ թիմը, «ՆՏՎ պլյուս» հեռուստաալիքին չենք կարող հետևել: Իսկ «Ռուբին»-«Լոկոմոտիվ» խաղը, որը ցուցադրում էր Առաջին ալիքը, ես դիտել եմ: Սպարտակցիների ու պիտերցիների խաղի մասին կարող եմ դատել ականատեսներից ստացած տեղեկությունների հիման վրա: Ինձ ասել են, որ Սամարայում «Զենիթը» դժվարությամբ է հաղթել. մրցակիցը տեղավորվել է սեփական կիսադաշտում և միայն մեկ անգամ է թույլ տվել, որ գնդակը հայտնվի սեփական դարպասում: Իսկ «Սպարտակի» պարտությունն անձամբ ինձ չի զարմացնում:
- Ինչո՞ւ:
- Կարպինի թիմը երիտասարդ է, իսկ «երկրորդ մրցաշրջանի» սինդրոմը դեռ ոչ ոք չի հանել: Անցած տարի սպարտակյան երիտասարդությունը, թևավորված մարզչի վստահությամբ, խաղում էր զգացմունքով, և պետք է ասել, որ հաճախ գերազանց հանդիպումներ էր անցկացնում: Ընթացիկ մրցաշրջանում նման բան այլևս չի լինի. առաջին պլանում կլինեն ոչ թե զգացմունքները, այլ վարպետությունը և փորձը: Ճիշտ է` «Սպարտակն» այնպիսի խաղացողներ ունի, ինչպիսիք են Ալեքսն ու Վելլիտոնը, սակայն նույն «Դինամոյում» փորձառու ֆուտբոլիստների թիվն ավելի մեծ է` Խոխլով, Սամեդով, Սեմշով, Վորոնին, Չեսնաուսկիս… Ուշադրություն դարձրեք, թե քանի նորեկների անուն նշեցի: Այլ խոսքով` «Դինամոն» լուրջ համալրում է ստացել, ինչը չես ասի առաջին տուրում նրա մրցակցի մասին: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները` ես վստահ էի, որ «Սպարտակը» «Դինամոյին» չի հաղթի:
- Կարծիք կա, որ «Սպարտակի» խաղը շատ է կախված Ալեքսից ու Վելլիտոնից: Դա թերությո՞ւն է, թե՞ առավելություն:
- Սկզբունքորեն թիմում առաջատարները շատ չեն լինում: Լավ է, եթե 4-5 հոգի են: Իսկ երբ խոսում ենք երկու լիդերի մասին, պետք է ընդունենք, որ դա քիչ է: Առավել ևս, երբ խոսքը բրազիլացիների մասին է: Լավագույնս դրսևորվելու համար նրանց լավ խաղադաշտեր են պետք ու տաք եղանակ: Իսկ Ռուսաստանում տարվա այս ժամանակահատվածում դրանք չկան: Ուստի կասկածում եմ, որ առաջնության առաջին շրջանում Ալեքսն ու Վելլիտոնը կխաղան այնպես, ինչպես անցած առաջնության երկրորդ շրջանում:
- Ըստ Ձեզ` «Զենի՞թն» է ավելի լավ համալրված, թե՞ «Սպարտակը»:
- «Զենիթը» շատ լավ միջին գիծ ունի: Սովորաբար հենց այդ գործոնն են հաշվի առնում թիմի ուժը որոշելիս: Կարծում եմ, որ պիտերյան թիմում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Իսկ եթե «Զենիթ» վերադառնային Արշավինն ու Տիմոշչուկը, այդ ժամանակ ես կասկածներ չէի ունենա, թե որ թիմը կնվաճի Ռուսաստանի չեմպիոնի կոչումը:
- Ձեր կարծիքով` «Զենիթի» ղեկավարությունը ճի՞շտ ընտրություն է կատարել` գլխավոր մարզչի պաշտոնում Դավիդենկոյին փոխարինելով Սպալետտիով:
- Ժամանակը ցույց կտա: Բայց եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ես հնարավորություն կտայի, որ Դավիդենկոն շարունակեր աշխատանքը: Անցած առաջնության վերջնագծում նա գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը, իսկ նոր մարզիչը միշտ էլ նոր ռիսկ է ենթադրում:
- Ձեր կանխատեսումը. կիրակի ո՞ր թիմը կհաղթի «Պետրովսկում» կայանալիք խաղում:
- Ավելի բարձր եմ գնահատում «Զենիթի» հնարավորությունները: Չեմ ուզում կանխագուշակել հաշիվը, բայց շատ գոլեր չեմ սպասում: Հատկապես` «Սպարտակի» կողմից:
18.03.2010, 13:23
Aysor.am
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
11:04 • 11/02, Այսօր և առաջիկա մի քանի օրերին` առանց տեղումների եղանակ
Գլխավոր