ARM   RUS   ENG

Հայ և սլովակ գործարարները փորձում են համագործակցել

Այսօր Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ Հայաստան-Սլովակիա գործարար համաժողով` Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Համաժողովին մասնակցում էին պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող սլովակ գործարարներ:

«Սա առաջին համատեղ համաժողովն է` Հայաստանի և Սլովակիայի գործարարների մասնակցությամբ, որը կարող է լավ նախադրյալներ ստեղծել կապերի հաստատման և հետագա համագործակցության համար»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը` նաև ընդգծելով, որ քաղաքական հարաբերությունների առումով` թե՛ երկկողմ, և թե՛ տարածաշրջանային նախագծերում, չկան տարաձայնություններ:

Է. Նալբանդյանը տեղեկացրեց, որ կրկնակի հարկումից խուսափելու և ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրերը, ինչպես նաև` առևտրատնտեսական համագործակցության մասին հուշագիրը, գտնվում են համաձայնեցման վերջին փուլում և պատրաստ կլինեն հաջորդ այցի ժամանակ:

Մ. Լայչակը ներկայացրեց Սլովակիայի տնտեսական վիճակը: Նրա խոսքով, երկրի ՀՆԱ-ի 95 %-ը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկություններին:

«Մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները տատանվում են. 2004-2007 թթ. որոշակի աճ է արձանագրվել, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այն ընդհատվել է»,- ասաց Մ. Լայչակը:

Երկու արտգործնախարարներն էլ նշեցին, որ երկրների միջև ներկայիս տնտեսական փոխգործակցությունը բավարար մակարդակի վրա չէ և անհրաժեշտ է այն զարգացնել: Մ. Լայչակը հայտնեց, որ երկար ժամանակ, ի թիվս այլ փաստաթղթերի, դիտարկում են նաև մուտքի թույլտվությունների տրամադրման պարզեցման խնդիրը:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին «Հայաստան-ներդրումային միջավայր» և «Սլովակիայի հանրապետության տնտեսական ներուժը» շնորհանդեսները:

18.03.2010, 18:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |