ARM   RUS   ENG

Հանդիպում DAAD ներկայացուցիչների հետ` ՀՊՃՀ-ում

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) բազմաթիվ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում:

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնի փոխանցմամբ` համալսարանը համագործակցում է արտերկրի մի շարք համալսարանների հետ, որոնց հետ ունի ուսանողների փոխանակման համաձայնագրեր: Բացի այդ, ՀՊՃՀ ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կրթական կազմակերպությունների հետ, մասնավորապես, Տեմպուսի ազգային գրասենյակի, Բաց հասարակության ինստիտուտի (OSI), Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) հետ, որոնք հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր, դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարելու կամ էլ վերապատրաստվելու արտերկրում:

Այս համագործակցության շրջանակներում, ուսանողների ներգրավվածությունը միջազգային ծրագրերում խթանելու և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ակնկալիքով, բազմիցս հանդիպումներ են կազմակերպվել վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հերթականը Պոլիտեխնիկի և DAAD գրասենյակի համատեղ ուժերով կազմակերպված տեղեկատվական միջոցառումն էր, որի նպատակն էր ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսական կազմին իրազեկել 2011թ. կրթական, հետազոտական, դրամաշնորհային և այլ ծրագրերի մասին:

Հանդիպման ժամանակ DAAD կազմակերպության տնօրեն Ալեքսանդրա Գերստները համառոտ նշեց գերմանական կրթահամակարգի մի շարք առավելություններ, որոնք առավել գրավիչ են դարձնում գերմանական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մասնավորապես, նշվեց երկու փաստ. այլ երկրների հետ համեմատած, Գերմանիայում սովորելն ավելի մատչելի է, և, թերևս, ամենակարևորն այն է, որ գերմանական համալսարաններում ուսանողներն ավելի վաղ շրջանից են սկսում ընդգրկվել հետազոտական գործընթացներում և բաղկացուցիչ մասն են համալսարան-արդյունաբերություն շղթայի: Անդրադառնալով 2011թ. ծրագրերին` տ-ն Գերստներն ներկայացրեց մագիստրոսական, ասպիրանտական կրթությունը Գերմանիայում շարունակելու, հետազոտական աշխատանքներ իրականացնելու առաջիկա ծրագրերը: Ի դեպ, ՀՊՃՀ բազմաթիվ ուսանողներ և մի շարք դասախոսներ, գիտնականներ տարիներ շարունակ բարեհաջող օգտվել են DAAD-ի հնարավորություններից և այժմ էլ ակտիվորեն մասնակցում են ծառայության կրթաթոշակային ծրագրերին:


 

18.03.2010, 18:02

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |