ARM   RUS   ENG

Հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրության դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ ձեռնարկատիրության և խոշոր հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Այվազյանն իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ 2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100 դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու եկամուտների վերաբերյալ կազմել և Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն է ներկայացվել կեղծ հաշվետվություններ` այդկերպ օժանդակելով նշված կազմակերպություններին խուսափելու պետբյուջե վճարել գանձման ենթակա խոշոր չափերի հասնող` 8 289 500 դրամ ԱԱՀ-ի գումարը:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ, 38-189-րդ հոդվածների 3-րդ և 205-րդ, 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով` կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:
 

18.03.2010, 18:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |