18/03/2010 14:58
Ա.Ղուկասյան. ՀՀ արժութային շուկայում աժիոտաժի նախադրյալներ չկան
«Այսօր Հայաստանի արժութային շուկայում որևիցե լուրջ նախադրյալներ աժիոտաժի համար չկան. դոլար-դրամ փոխարժեքը ձևավորվում է շուկայական հարաբերություններով` պայմանավորված առկա պահանջարկով և առաջարկով»,- Aysor-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը:
Նրա խոսքերով, դրա ապացույցը երեկ և այսօր դրամ-դոլար փոխարժեքներն են. այսօր մեկ դոլարն առևտրային բանկերի կողմից վաճառվում է 2-3 դրամով պակաս` 405-406 դրամով:
ԿԲ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված են ոչ թե այսօրվա, այլ երեկվա փոխարժեքները, ինչը, ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցչի խոսքերով, պայմանավորված է այն հանքամանքով, որ ԿԲ-ն նախորդ օրվա տվյալներն ամփոփում և կայքում տեղադրում է 16:00-ից հետո միայն: Նկատենք, որ մայրաքաղաքի տարբեր փոխանակման կետերում մեկ ամերիկյան դոլարի գինն ավելի բարձր է քան առևտրային բանկերում` այստեղ ներկայում մեկ դոլարը վաճառվում է 409 դրամով:
ՀԲՄ նախագահը դոլար-դրամ հետագա զարգացումների մասին կանխատեսումներից զերծ մնաց, սակայն նկատեց, որ շրջանառվող տարբեր տեսակետները` թե դոլարը կարժենա 800 դրամ, կամ նույնիսկ 450 դրամ` անհիմն համարեց` «այդ ինչպե՞ս կարող են որոշել, թե ի՞նչ կարժենա դոլարը: Փոխարժեքը մեզ մոտ լողացող է, ինչը նշանակում է, որ գործում են շուկայական մեխանիզմները»:
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաների ակտիվացմանը, ապա Ա.Ղուկասյանը կարծում է, որ դրանց անհրաժեշտությունն առայժմ չկա: