18/03/2010 13:02
Ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքը` հոգևոր հովվապետերի ձեռամբ
Այսօր Երևանում տեղի ունեցավ ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Այն կատարեցին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն ու Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիրարք Կիրիլ Առաջինը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ կառուցվող եկեղեցու հիմնարկեքին Կիրիլ Ա-ն ընդգծեց, որ եկեղեցին կդառնա սուրբ խորհրդանիշ` երկու երկրների բարեկամության կամրջում:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Մոսկվայում կառուցվող հայ առաքելական եկեղեցին ևս կխորհրդանշի երկրների բարեկամությունը:
«Բացի այդ, եկեղեցին կդառնա հայ մեծ համայնքի ուխտատեղին Մոսկվայում: Հայկական հոգևոր կենտրոնը, որ կառուցվում է Մոսկվայում, խորհրդանիշ կդառնա Մոսկվայում ապրող հայերի համար, այն թույլ կտա հավերժ եղբայրություն զգալ»,- ասաց Կիրիլ Առաջինը:
Գարեգին Երկրորդը ևս նշեց, որ փոխադարձ եկեղեցաշինությունը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի անխախտ եղբայրության մասին, այն մասին, որ երկու երկրներն էլ քրիստոնյա են և հավատարիմ իրենց ուխտին:
Նշենք, որ Երևանում կառուցվող ռուս ուղղափառ եկեղեցու աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3 տարվա ընթացքում, իսկ Մոսկվայում հայ առաքելական եկեղեցին շուտով իր դռները կբացի հայ հավատավորների առջև: Հավելենք նաև, որ երկու` առաքելական և ուղղափառ եկեղեցիները նույն անունն են կրելու` Սուրբ Խաչ: