ARM   RUS   ENG

ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կիրիլ Առաջինի գրքերի շնորհանդեսը

Այսօր Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի «Հովվի խոսքը» և «Ազատություն և պատասխանատվություն» գրքերի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Կիրիլ Առաջինը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, հոգևորականության ներկայացուցիչներ, ԵՊՀ դասախոսական և ուսանողական կազմը:

Ներկայացնելով գրքերը` Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նշեց, որ «Ազատաթյուն և պատասխանատվություն» գիրքն արծարծում է ազատությունն ու դրանից բխող պատասխանատվությունը, գրքում անդրադարձ է արվում նեոազատականացմանը, ունիվերսալիզմի, գլոբալիզացիայի տենդեցներին:

«Կիրիլ Առաջինը գրում է, որ անհրաժեշտ է կառուցել այնպիսի աշխարհ, որը ժողովրդավարությունը կհամարի մարդկանց ազգային ու կրոնական ավանդույթների հանդեպ հարգանքի հիմնաքար: Գրքի առանցքային թեմաներից է մարդու ազատությունների հիմնաքարը, մարդն ազատ է անել այն, ինչը չի սահմանափակում ուրիշների ազատությունը»,- ներկայացրեց Եզնիկ արքեպիսկոպոսը:

«Ազատաթյուն և պատասխանատվություն գրքում շեշտվում է, որ առանց բարոյական հենարանի ոչ մի հասարակություն չի կարող խուսափել դժվարություններից և առանց բարոյական պատասխանատվության` չկա ազատություն:

«Հովվի խոսքը» գիրքը, արքեպիսկոպոսի հաղորդմամբ, կազմված է համանուն հաղորդման ելույթաշարքերից, որոնք վարել է Կիրիլ Առաջինը. «Թիկնունքում ունենալով եկեղեցին` Նորին Սրբությունն արդի հրամայականներին համահունչ մեկնաբանում է արդի քրիստոնեական թեմաները: Գիրքն աստվածաշնչի մեկնություն է, այն է, ինչ անհրաժեշտ է անել իրական քրիստոնյա դառնալու համար»:

Կիրիլ Առաջինն, իր հերթին, ընդունելով բարձրագույն պարգևներն ու շնորհակալություն հայտնելով գրախոսության համար, ասաց, որ Հայաստանում գտնվելու կարճ ժամանակում հնարավորություն ունեցավ տեսնելու հայ հասարակության նաև «ուսանողական էլիտային»:

«Հենց գիտնական մարդկանց շրջանում մարդը պետք է ուշադիր լինի խոսելիս: Միայն մեկ ոլորտ կա, որտեղ դու կարող ես ասել` դա այդպես չէ, և ապացուցել, որ այդպես չէ, մյուս բոլոր դեպքերում դու ոչինչ հստակ ապացուցել չես կարող: Ուստի բուհն այն վայրն է, որտեղ չի կարելի դատարկ խոսքեր ասել»,- նշեց Կիրիլ Առաջինը:
 

18.03.2010, 14:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |