ARM   RUS   ENG

Կիրիլ Ա.«20 տարի առաջ կասեինք` անհնար է, որ հոմոսեքսուալիզմ լինի»

Այսօր Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ հյուընկալվեց Երևանի պետական համալսարանում: Ասյտեղ Կիրիլ Ա-ն, դիմելով ուսանողներին, խոստացավ իր իսկ չափորոշիչներով պարզաբանել ազատության սահմանումը:

«Որտե՞ղ է մարդն այսօր կանգնած: Մենք գիտենք, որ շատ չափորոշիչներ կան. տնտեսագետներն ապագայի մասին իրենց բանաձևն ունեն, բայց ես կարծում եմ, որ ամենակարևոր չափորոշիչը պետք է լինի մարդկային անհատականությունը, քանի որ մյուս ամեն ինչը երկրորդական է: Մենք աստավածային կերպարի արտահայտումն ենք, Աստված անսահման ազատություն ունի, և մարդուն էլ շնորհել է դրանով»,- ասաց Կիրիլ Առաջինը:

Նա հարց ուղղեց ուսանողներին, թե ի՞նչ կա մարդու մեջ, ապա պատասխանեց, որ մարդու մեջ կա Աստծո կերպարը, և հենց դա է ազատության իրական չափորոշիչը:

«Շատ բարդություններ ու չարչարանքներ է մարդկությունը կրել` ազատության ձգտելով: Այն մարդկության առաջընթացի շարժաքարն էր: Երկար տարիներ մարդիկ պայքարել են մի գաղափարի` ազատության համար: Ոչ մի մարդ չի ասի, որ ինքը չի ուզում ազատ լինել: Այսօր ազատությունն ունի իր հիմքերը` տրված ուրիշներից, քեզնից ու Աստծուց: Ժամանակակից փիլիսոփայությունը մարդուն նայում է որպես անհատականություն: Մարդն ինքն է որոշում` ի՞նչն է լավ և ինչը` ոչ»,- նշեց Համայն Ռուսիո պատրիարքը:

Նա ասաց, որ մարդը ծնվում է մեղքով, ապա հիշեցրեց ժառանգականության մասին, որով այսօր գենետիկան է առաջնորդվում: Կիրիլ Ա-ին անհասկանալի են մնում, սակայն, «պոստմոդեռնիստական հասարակության» գաղափարները, որը պատրիարքի վստահեցմամբ, խախտում է իրականության գաղափարը. «Ոչ ոք իրավունք չունի քեզ ասել, որ դու սխալ ես, դու կարող ես ասել, որ քո կարծիքն ես պնդում միայն: Իսկ պոստմոդեռնիզացված հասարակության մեջ մենք կորցնում ենք չարի ու բարու գաղափարը»:

Կիրիլ Առաջինը հորդորեց չսահմանափակել մարդկանց ազատությունը, քանի որ ամենքն ընտրում է այն, ինչ ուզում է:

«Դու ուզո՞ւմ ես խոշտանգել երեխաներին, դա քո իրավունքն է: 20 տարի առաջ կասեինք` անհնար է, որ հոմոսեքսուալիզմ լինի, իսկ այսօր ոչ միայն դրա մասին խոսում ենք, այլ նաև օրենքով ենք ամրագրում: Մենք գնում ենք մահվան ուղղությամբ, եթե մարդը կորցնում է բարին չարից տարանջատելու ունակությունը: Ազատությունն ինքնին աստվածային շնորհ է, այն հնարավորություն է տալիս ընտրել, մենք էլ ասում ենք, թե ո՞ւր է Աստված, երբ անարդարություններ են տեղի ունենում, բայց Աստված մեզ չի ծրագրավորել, և եթե նա այդպես աներ, մենք ազատություն չէինք ունենա ընտրել չարը կամ բարին»,- իր ելույթում նշեց Կիրիլ Ա-ն:

Վերջում Կիրիլ Առաջինը  հույս հայտնեց, որ մոլորակում ապրող շատ մարդիկ կարողանում են տարանջատել բարին չարից:
 

18.03.2010, 15:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |