ARM   RUS   ENG

ՀՀ նախագահն ընդունել է Սլովակիայի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` ողջունելով բարձրաստիճան հյուրերին, նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար:

Երկրի ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել 2004 թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարի այցը ևս կօժանդակի հարաբերությունների ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը հրավիրել է նաև Սլովակիայի նախագահին` այցելելու Հայաստան:

Միրոսլավ Լայչակն իր հերթին նշել է, որ քաղաքական մակարդակում այսօր շատ բան է արված, սակայն դեռևս կան փոխգործակցության ամրապնդման շատ հնարավորություններ, չիրացված ներուժ, հատկապես` առևտրի ու տնտեսության ոլորտում: Նշելով, որ իր հետ Հայաստան են ժամանել նաև գործարարներ` նա հույս է հայտնել, որ հայ-սլովակյան գործարար համաժողովը երկու երկրների գործարար կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կստեղծի:

Հայաստանի նախագահը և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր, կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքի և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Միրոսլավ Լայչակը հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջն է փոխանցել Արևելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Հանրապետության նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, դրանց վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի: Նախագահ Սարգսյանը միաժամանակ ողջունել է Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:
 

18.03.2010, 18:04

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |