ARM   RUS   ENG

SIPRI. Ռազմական ծախսերն ավելանում են…

Մարտի 16-ին Շվեդիայի մայրաքաղաքում հրապարակվեց SIPRI ամենամյա զեկույցը (www.sipri.org), որն իր մեջ ամփոփում է նախորդ 4 տարվա ընթացքում զինատեսակների առք ու վաճառքի միտումները, սակայն հարկ է նշել, որ Խաղաղության հետազոտման ստոգհոլմյան ինստիտուտը մխիթարող ոչինչ չի հաղորդում, այսինքն նախորդ քառամյայի համեմատ, 2005-2009թթ.-ի ընթացքում հարձակողական զինատեսակների վաճառքը միջազգային շուկաներում ավելացել է՝ կազմելով 22%: Իսկ վաճառքի առաջատարները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Զինատեսակների միջազգային առևտրում ամերիկյան մասնաբաժինը կազմում է 30%, Ռուսաստանինը՝ 24%: Երրորդ տեղում առաջին անգամ հայտնվել է Գերմանիան 11%, որը ետին պլանում է թողել նախկին առաջատարներ Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային: Իսկ զինատեսակների հիմնական ներկրող երկրների ցուցակը գլխավորում են Չինաստանն ու Հնդկաստանը:

SIPRI-ի հետազոտությունների համաձայն, այսօր առավել մեծ պահանջարկ կա բարձր ճշգրտության և տեխնոլոգիական մեծ հնարավորություններ ունեցող թանկարժեք զինատեսակների՝ ի մասնավորի, ըստ SIPRI-ի զինատեսակների միջազգային վաճառքի ողջ չափաբաժնում միայն 27%-ը կազմում են ռազմական ինքնաթիռները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրները, որոնք տարածաշրջանային մակարդակում սպառազինությունների միցավազքում են գտնվում, գնելով ռազմական ինքնաթիռներ, ինքնին խթանում են, որ իրենց մրցակիցները նույնպես ետ չմնան նմանօրինակ զինատեսակների ձեռքբերման գործողություններ ձեռնարկելուց:

Այս առումով նախորդ քառամյակի ամենից մեծ գործարքը եղել է Արաբական Միացյալ էմիրություններին և Իսրայելին Միացյալ Նահանգների կողմից համապատասխանաբար 72 և 52 F-16 տիպի կործանիչների վաճառքը: Իր հերթին Հարավային Կորեան ԱՄՆ-ից ձեռք է բերել 40 F-15 կործանիչ: Նշյալ միտումները փաստում են, որ երկրների և հատկապես տարածաշրջանային առաջնորդության ձգտող երկրների ձգտումը ձեռք բերել տեխնոլոգիապես բարձր ճշգրտության զինատեսակներ, վկայում են այն մասին, որ դրանք ուժային հավասարակշռության փոփոխման գործընթացների նախահիմք են հանդիսանալու:

Գերմանիան, որ գնալով մեծացնում է իր մասնաբաժինը զինամթերքների վաճառքի միջազգային շուկայում, կենտրոնացած է տանկերի, ռազմանավերի և զրահամեքենաների արտահանման վրա: Վերջին հինգ տարիների ընթացքում ռազմածովային զինատեսակների արտահանումը կազմում է գերմանական զինատեսակների ընդհանուր արտահանման 44%-ը, տանկերը և զրահամեքենաները՝ 27%-ը: Օրինակ նախորդ տարի Թուրքիայի և Գերմանիայի միջև 2մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ գերմանական U-214 տիպի վեց սուզանավի կառուցման պայմանագիր է կնքվել: Գերմանական զինատեսակների կարևոր ներկրողներ են այսօր հանդիսանում նաև Հարավային Աֆրիկայի երկրները և Հունաստանը:

Սակայն Հունաստանի հետ գործակցությունը ակնկալվող ավարտը չունեցավ: Պատվիրելով 4 գերմանական սուզանավեր 524 մլն դոլար ընդհանուր գնով՝ Աթենքը չկարողացավ վճարել դրանց դիմաց, սակայն հետագայում այնուամենայնիվ ստացավ դրանցից երեքը: SIPRI-ի փորձագետները նշում են, թե վերջին տարիներին Հունաստանը զինատեսակների ներկրողների ցուցակի հինգերորդ հորիզոնականը: Մասնավորապես՝ Հունաստան զինատեսակների ներկրման 38%-ը կազմում են 26 F-16C տիպի ամերիկյան և 25 ֆրանսիական Mirage-2000-9 կործանիչները: Ի դեպ, ներկայիս ֆինանսական դժվարությւոնները, որ ունի Հունաստանը տնտեսական ընդհանուր քաղաքականության իրականացման առումով, մի զգալի մասով նաև կապված է զինատեսակների ձեռքբերման վերոնշյալ գործարքների հետ:

Ամփոփելով SIPRI-ի 2010թ-ի զեկույցը՝ կարելի է արձանագրել, որ «սովորական» զինատեսակների հիմնական հոսքերը գնում են հիմնականում դեպի Հարավ Արևելյան Ասիա: Ըստ SIPRI-ի վիճակագրության հենց այս տարածաշրջանին է բաժին ընկնում միջազգային զինատեսակների օրինական շրջանառության առնվազն 41%-ը: Մի հետաքրքրական փաստ ևս. Ասիայի և Օկեանիայի երկրներին է բաժին ընկնում ԱՄՆ-ի ռազմական արտահանման 39%-ը, և ռուսականի՝ 69%-ը: Զինատեսակների միջազգային ներկրումների հաջորդ հանգրվանը Եվրոպան է՝ 24%, Մերձավոր Արևելքը՝ 17%, Ամերիկան՝ 11%, Աֆրիկան՝ 7%: Մտահոգիչն են նաև Հարավային Ամերիկայում զինամթերիքի առուվաճառքի տեմպերը, որոնք նախորդ տարիների նկատմամբ ավելացել է մոտ 150%-ով:

Հատկանշական է այն, որ զինամթերքների առքուվաճառքի տեմպերի նմանօրինակ աճը արձանագրվում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ տնտեսական ճգնաժամը, որ ազդել է միջազգային տնտեսության բոլոր ոլորտների զարգացման վրա, որևէ կերպ չի սահմանափակում զինամթերքի ձեռքբերման մի շարք երկրների ախորժակը: Սա, անկասկած, ոչ կառուցողական միտում է, քանի որ զինատեսակների ձեռքբերման նմանօրինակ միտումները նշված տարածարջաններում բավարար հող են նախապատրաստում այդտեղ ռազմական մրցակցության սրման, միգուցե նաև բաց ռազմական բախումների համար:

«Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ., Ալեն Ղևոնդյան
 

18.03.2010, 09:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |