ARM   RUS   ENG

Հայաստանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը

Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը, որը նախաձեռնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի կապակցությամբ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազդարարեցին Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ է դարձել 2008 թվականին:
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլին Հայաստան կայցելի այդ միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

Իր հերթին դեսպան Սմեսովը նշեց, որ մոտ մեկ ամիս շարունակ` ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերի քաղաքներում`Արմավիրում, Արթիկում, Գորիսում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը` երաժշտություն, գրականություն, գիտություն, կրթություն և այլ ասպարեզներ:

Կանցկացվեն մոտ 30-ից ավելի միջոցառումներ`ցուցահանդեսներ, սեմինարներ, պոեզիայի երեկոներ, գրական ընթերցումներ, ջազային համերգներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, ինչպես նաև` հեքիաթասացության օրեր:

Դեսպանը հայտնեց, որ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարարությունը դպրոցներում կազմակերպելու է «Գնանք Ֆրանսիա» թեմայով շարադրության մրցույթ, որի հաղթողին հնարավորություն է տրվելու այցելել ֆրանսիա:

«Սույն թեմայով շարադրության մրցույթ կազմակերպվելու է աշխարհի մի շարք քաղաքներում, իսկ մրցույթի 200 հաղթող հանդիպելու են Ֆրանսիայում», - ասաց դեսպան Սմեսովը:
 

19.03.2010, 17:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |