ARM   RUS   ENG

Բարեգործական ծրագրերի քննարկում Կառավարությունում

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր:

Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային և վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների տեղադրման», Երևանի «Նորք» տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան «Հույս» մանկատան կահավորման ծրագրերը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Արմենիակա» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում և Եվրոպայում առկա հայկական ճարտարապետության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի, պատմական աղբյուրների և գրականության ցանկի թվայնացումը ու տեղադրումը համացանցում, ինչը հասանելի կլինի բոլորին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Գանձատան նորոգման աշխատանքների և Գարեգին Ա կրթական կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների ծրագրերը:

«Հրայր և Աննա Հովնանյան» ֆաունդեյշն կորպորացիայի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել եկեղեցական համալիր` Հայրապետական նստավայր և Սուրբ Աննա եկեղեցի:

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու թիվ 6 մանկապարտեզի կահավորման ծրագիրը ու «Զեյթուն» ուսումնական և աջակցման կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել բնակչության խոցելի խավին ձեռք բերելու շուկայում պահանջվող մասնագիտություն և սեփական վաստակի միջոցով հասնել ֆինանսական կայունության:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 

19.03.2010, 17:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |