ARM   RUS   ENG

Գրականագետ. «Փամուկը ձեռնտու հեղինակ է Թուրքիայում»

Գրականագետներին այսօր մի սեղանի շուրջ էր հավաքել թուրք գրող Օրհամ Փամուկի ստեղծագործությունների քննարկումը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նախ անդրադարձավ գրողի այն տեսակետին, թե Կարսը Թուրքիայինն է, և ասաց, որ Կարսը մեզանից ոչ միայն պատմականորեն, այլև գեղարվեստորեն խլված չէ, Կարսը ժամանակավոր թուրքերի մոտ է:

Սակայն նա դեմ է այն գրականագետներին, ովքեր Օ. Փամուկին քննադատում են` մեղադրելով վերջինիս փաստերը «կիսատ-պռատ» ներկայացնելու մեջ:

«Մեր ժողովուրդը քիչ բարեկամներ ունի, ուստի եղածին էլ չխրտնեցնենք: Օրհամ Փամուկի գրքերում հայկական շերտեր կան: Նաև թուրք գրող Քեմալ Յալչըմի «Հոգիս քեզնով է խայտում» գրքում գրողն անդրադարձել է հայկական թեմաներին: Այստեղ կարևորն այն է, որ նրա գրքով մենք ճանաչում ենք մի նոր Հայաստան. Եղեռնից հետո կրոնափոխ եղած, թրքացված հայերի բացահայտումն է այս գրքում»,- նշեց Դ.Գասպարյանը:

Նրա խոսքով, վերը թվարկված երկու գրողներն էլ, որոնք ունեն հայանպաստ կեցվածք, մոտենում են ճշմարտությանը: Իսկ այն, որ Օրհամ Փամուկը թուրք է և այդքան էլ գրել է, ըստ գրականագետի, պետք է գոհ լինենք:

Գրանակագետ Հրաչյա Սարիբեկյանի համար էլ երկու գրողների պարագայում հարցը միայն ընտրության մեջ է. «Ես ուզում եմ գեղարվեստորեն բարձրարժեք ստեղծագործություն կարդա՞լ, թե՞ ազգային խնդիրներ արծարծող, ցածր գեղարվեստականություն ունեցող ստեղծագործություն: Եթե ես ուզում եմ բարձարժեք գիրք կարդալ, կկարդամ Օրհամ Փամուկ»:

Նա նշեց, որ Փամուկի վեպերը կապ չունեն հայերի Ցեղասպանության հետ, և եթե ուզում ենք տեսնել, թե նա ի՞նչ կարծիք ունի գրողը հայերի Ցեղասպանության մասին, գրականագետը հորդորեց կարդալ թուրք գրողի էսսեներն ու հոդվածները:

«Փամուկին հայերի Ցեղասպանությունը հետաքրքրում է այնքանով, որքանով արևելքցի գրողի խոսքի ազատությունը: Փամուկը հարցը Ցեղասպանության հարթության վրա չի դնում, Ցեղասպանություն եզրն անգամ չի օգտագործում»,- հավելեց Սարիբեկյանը:

Գրականագետ Ալբերտ Իսոյանն էլ զարմացած է, թե ինչո՞ւ ենք թողնում մեծ գրողներին ու խոսում Փամուկի մասին: Որպես օրինակ, նա բերեց Ֆյոդոր Դոստոևսկու «Արևելյան հարցեր» գիրքը, որով նա պայքար է սկսում Հայոց Ցեղասպանությունը ժխտող Լև Տոլստոյի հետ:

«Եթե Դոտոևսկու այդ գիրքը դնենք Եվրախորհրդի առջև, նրանք կմոռանան Փամուկին: Իսկ թուրք գրականության մեջ հիմնականում Հայաստանի մասին կիսաբերան են խոսում: Փամուկի մասին խոսելիս` մենք միշտ չափազանցնում ենք:
Փամուկը ձեռնտու հեղինակ է Թուրքիայում, ասում է կես ճշմարտությունը»,- գտնում է Ա.Իսոյանը:

Հրաչյա Սարիբեկյանը նաև ավելի «տագնապահարույց» մի վեպ մատնացույց արեց` արդեն ադրբեջանցի հեղինակի գրչին պատկանող: Խոսքը Ղուրբան Սաիդի «Ալին և Նինոն» վեպի մասին է, որտեղ թուրք հերոսն ասում է, թե կգա ժամանակը, երբ հայերն ու ադրբեջանցիները կմիանան իրար և աշխարհի երեսին հայ չի մնա:

«Աշխարհին դա ցնցել է, բայց դրա ցնցելու իմաստը չեմ հասկանում»,- ասաց Սարիբեկյանը:
 

19.03.2010, 15:10

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |