ARM   RUS   ENG

Հորմոնների կիրառումը բացառել չի կարելի

Սպառողների ազգային ասոցիացիայի, Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր ասուլիսում տեղեկացրեց, որ ՀՀ անվտանգության խնդրում բացակայում է գենոմոդիֆիկացված սննդամթերքի ներկրման պարագան, որ չունենք այդպիսի լաբորատորիա և որ հորմոններով ներծծված թռչնամիս է ներկրվում Հայաստան: Ըստ նրա, դա ունի իր ազդեցությունը, գուցե հեռահար, բայց չի կարող չազդել և դա է ապացուցում ԱՄՆ քաղաքացիների քաշն ու հասակը:

«Հարգելով մեր տեղական արտադրողներին, ունեմ պրիտենզիաներ, որ պետք է նրանք միավորվեն, և ինչպես ձվի պարագայում ավելցուկ ունենք, կարողանաք նույն միսը նորմալ արտադրեք, որ արտերկրից ներկրված այդ միսը հնարավորինս քչանա և վերանա»,- ասաց Մ. Հակոբյանը` նման կոչով դիմելով Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին:

Վերջինս, պատասխանելով Aysor-ի հարցին, թե տեղական արտադրությունում հորմոնների կիրառումը բացառվու՞մ է, թե՞ ոչ, ասաց, որ «բացարձակ մաքուր սննդամթերք» արտահայտությունը չի կարելի կիրառել. «ԵՄ արգելել է «էկո» բառն օգտագործել: Կերի բոլոր բաղադրամասերը վերլուծեց հետո եզրակացրել են, որ ընդհանրապես հնարավոր չի բացարձակապես մաքուր կերատեսակ ունենալ և հորմոնների հարցը բացարձակապես լուծել: Դրա համար էկո բառը հանվեց գործածությունից»:

Այսօրվա վիճակով կերում խառնուրդների 70 %-ը հատիկահատիկաֆուռաժն է, և եթե ընդունենք, որ հացահատիկը գենետիկորեն մոդիֆիկացված չէ, մաքուր աղբյուրներից է, մնում է փնտրել կերահավելումների մեջ: Ս. Ստեփանյանը հավաստեց, որ դրանց մեջ հորմոնալ խիստ ազդեցության նյութեր կամ խիստ անտիբիոտիկներ ձգտում են չկիրառել, բայց ցանկացած ամինաթթուները, որոնք նպաստում են օրգանիզմի մարսողության կազմակերպմանը, դրանք կարելի է դասել հորմոնների դասին:

Թռչնամսի մանրէներով վարակվածության խնդրի վերաբերյալ Ս. Ստեփանյանը նշեց, որ այսօր բոլոր միս արտադրող մասնագիտացված տնտեսություններն ունեն որակի կառավարման անվտանգության ապահովման համակարգեր և կիրառում են սպանդի կամակերպման ճիշտ տեխնոլոգիաներ:

«Ուրիշ բան, որ լինում են դեպքեր, որ սպանդի ենթակա թռչունի բակտերիալ վարակվածությունը նորմատիվից որոշակի բարձր է լինում: Սա կապված է լինում արտադրության մեջ արտակարգ պատահարների հետ: Այսօր հիմնականում կառավարվում է թռչնամսի և՛ արտադրությունը, և՛ նրա բակտերիալ վարակվածության նորմատիվները»,- վստահեցրեց Ս. Ստեփանյանը` հավելելով, որ որակի կառավարման համակարգը մի քայլ էլ բարձրացնելու համար բոլոր տնտեսություներն այսօր լուրջ ներդրումների կարիք ունեն:

19.03.2010, 17:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |