ARM   RUS   ENG

Ձուն շատ է, թռչնամիսը` քիչ

Հայաստանի թռչնաբույծների առջև հանրապետության ինքնաբավության և թռչնամթերքների կայուն դինամիկ աճի խնդիր է դրվել: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց վերջերս ստեղծված Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ներկայումս 1 շնչին բաժին ընկնող 186 ձվի փոխարեն նախատեսվում է առաջիկա 5 տարում այդ ցուցանիշը հասցնել 210 ձվի:

«Այսօրվա վիճակով շուկայում նկատվում է ձվի արտադրության գերաճ և արտադրությունը գերազանցում է պահանջարկը: Նույնը չի կարելի ասել թռչնի մսի մասին»,- փաստեց Ս. Ստեփանյանը:

2009 թ-ին հանրապետությունում պահանաջարկը կազմել է 38 հզ. տոննա թռչնի միս, սակայն տեղական արտադրողները կարողացել են ապահովել ընդամենը 10 հզ. տոննան, որից 8400-ը` մասնագիտացված տնտեսությունների միջոցով: Այժմ խնդիր է դրվել 5 տարում 1 շնչին բաժին ընկնող թռչնամսի քանակը հասցնել 8-10 կգ-ի:

Ս. Ստեփանյանի խոսքով, միությանն անհանգստացնում է կերերի գնային քաղաքականությունը: 2006 թ-ին թռչնի կեր ներկրող կազմակերպությունների թիվը եղել է 18, այդ թվում` մասնագիտացված թռչանաֆաբրիկաները, և մրցակցությունը բավականին խիստ էր, իսկ գնաճն էլ բավարարվում էր տարեկան 2 անգամ դրսեվորվելով:

«2009 թ-ին և հիմա 2 ամիսը մեկ գին է բարձրանում, որն էլ ազդում է ձվի և թռչնամսի գների վրա: Ներկրողների քանակը խիստ նվազել է, մնացել են 3-4 խոշոր ընկերություններ: Արդյունքում, մրցակցությունը պակասել է»,- ասաց Ս. Ստեփանյանը` հավելելով, որ այդքան հաճախակի գնաճի պայմաններում չեն հասցնում արտադրանքի ինքնարժեք հաշվարկել:

Ընդ որում, ձվի և թռչնամսի ինքնարժեքի 65 %-ը բաժին է ընկնում կերերին:

Ս. Ստեփանյանը հայտնեց, որ տարեկան ներկրվում է 140-150 հզ. տոննա կեր` դրա դիմաց վճարելով 67-68 մլն դոլար գումար: Հաշվի առնելով ոլորտի շահութաբերությունը, միությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է շահագրգռություն ցուցաբերել և կեր ներկրելու համար համատեղ աշխատել:

19.03.2010, 15:12

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |