ARM   RUS   ENG

Գ.Սահակյան. Զսպումներ կլինեն նաև գնաճի նկատմամբ

«Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները չպետք է ավելի կարևոր լինեն, քան քաղաքական օրակարգի հարցերը», - գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին, նա նշեց, որ գլոբալ ճգնաժամի պայմաններում Հայաստանում բավական լուրջ ծանրացել են ներքին խնդիրները, բայց ՀՀ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի փակ սահմանների պայմաններում երկիրը դուրս բերվի ճգնաժամի ազդեցությունից:

«Այսօր` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ունենք 2,5 % տնտեսական աճ: Դա նշանակում է, որ հնարավորինս ելքերը գտնվել են»,- ասաց նա, հավելելով, որ ՀՀ իշխանությունները նաև կարողացան ձեռք չտալ սոցիալական նպատակներին բյուջեով նախատեսված մասնաբաժինը:

«Սակայն իրական կյանքը ցույց է տալիս, որ մենք ունենք անընդհատ խորացող խնդիրներ: Նման պայմաններում, իհարկե, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի: Բայց այդ խնդիրները մեր քաղաքական նպատակադրումներից առավել չի կարելի համարել: Մենք այսօր ընդամենը կարողանում ենք ազգովի ապահովել մեր ապագա սերունդների համար ամուր Հայրենիք ունենալու խնդիրը»,- ասաց պատգամավորը` վստահեցնելով, որ իշխանությունները կձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի սոցիալ-տնտեսակայն իրավիճակը լավանա:

Անդրադառնալով գազի թանկացման խնդրին` Գ.Սահակյանը նշեց, որ օրինաչափ է համարում հասարակության դժգոհությունը:

«Սակայն պետք է հասկանալ, որ գազը Հայաստան դրսից է գալիս, և պետք է կարողանաս միջազգային առևտրական ընկերության որդեգրած քաղաքականության հետևանքները կրել նաև քո պետության և ժողովրդի վրա»,- նշեց նա, հավաստիացնելով, որ սոցիալապես անապահով խավի համար հասցեագրված փոխհատուցումներ կլինեն:

«Կառավարությունն այս ծրագրի վրա է աշխատում»,- հայտնեց պատգամավորը` ավելացնելով, որ զսպումներ կլինեն նաև գնաճի նկատմամբ:
 

19.03.2010, 15:40

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |