ARM   RUS   ENG

«Սևանա լիճ թափվող 7-8 գետեր համարվելու են արգելավայրեր»

«Սիգի պաշարը անցյալ տարվա համեմատ շատացել է մոտ 150 տոննայով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը` նշելով, որ սիգի պաշարը Սևանա լճում 200 տոննա է:

Ինչ վերաբերում է Սևանa լճում խեցգետնի պաշարներին, ապա Ա. Զիրոյանը նշեց, որ խեցգետնի պաշարները գնահատվում են 4-5 հազար տոննա, իսկ կարասի պաշարները` 300 տոննա:

«Այսօր մենք ունենք խեցգետնի մեծ պաշար, որի չհավաքելը հանցագործություն է: Ուենենք նաև կարաս, որը Սևանա լճի համար անցանկալի օրգանիզմ է»,- նշեց Ա. Զիրոյանը և հավելեց, որ խեցգետնի մեծ պահանջարկ կա և’ Հայաստանում, և’ արտերկրում:

Բանախոսը հիշեցրեց, որ ժամանակին Սևանա լճում իշխան որսում էին տարեկան ոչ պակաս, քան 2000 տոննա, այժմ խնդիր է դրված ամառային իշխանի և սիգի պաշարներն ավելացնել:

«Սևանա լիճ թափվող 7-8 գետեր համարվելու են արգելավայրեր»,- հայտնեց Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը` նշելով, որ հենց այդ գետերում է տեղի ունենում ամառային իշխանի վերարտադրությունը, որը կարևոր է իշխան տեսակի բազմացման համար:
 

19.03.2010, 20:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |