ARM   RUS   ENG

ՏՄՊՊՀ հանձնաժողովը քննարկել է մի շարք հարցեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:

Հանձնաժողովի որոշմամբ դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցվել է վարույթը, որ հարուցվել էր նոյեմբերին` հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:

Հանձնաժողովն այսօր քննարկել է նաև «Բիսկվիտ-Շոկոլադ» կորպորացիայի (որի մեջ է մտնում «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկան») և «ԱՎԿ» ընկերության դիմումները: «Բիսկվիտ-Շոկոլադը» հայտնել է, որ իրենց կողմից Հայաստան են ներկրվել մի շարք արտադրատեսակներ, որից հետո «Գրանդ Քենդիի» կողմից «արտոնագրվել են կորպորացիայի մեջ մտնող ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող մի շարք ապրանքային նշաններ, այնուհետև գրությամբ նշել, որ կորպորացիայի կողմից ապօրինաբար օգտագործվում են իրենց ընկերությանը («Գրանդ Քենդիին») սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանները, պահանջելով դադարեցնել ներմուծումը, իրացումը և գովազդը»:

«ԱՎԿ»-ի դեպքում նույն խնդրով «Գրանդ Քենդին» դիմել է ինչպես ընկերությանը, այնպես էլ Հանձնաժողով և Հայաստանում Ուկրաինայի դեսպանին:
Հարուցված վարույթի ընթացքում ընկերությունների կողմից ներկայացվել են մի շարք փաստաթղթեր: Ներմուծողները գտնում են, որ ապրանքանիշերի օգտագործման իրավունքն իրենց է պատկանում, քանի որ ավելի վաղ են այն օգտագործել, իսկ արտադրողը` որ ապրանքանիշերի օգտագործման իրավունքն իրեն է պատկանում, քանի որ գրանցել է սեփականության իրավունքը:

Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Հանձնաժողով ներկայացված եզրակացության համաձայն, նյութերում հիշատակված ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքը, համաձայն «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի, ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագել է դրանց իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է սեփականտիրոջը` «Գրանդ Քենդիին»: Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերը կարգավորվում են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքով, Հանձնաժողովն այսօր դադարեցրել է վարույթները:

Հանձնաժողովն ուսումնասիրել է բնական հյութերի շուկայի կառուցվածքը: Համաձայն ուսումնասիրության, 2009 թ. ընթացքում շուկայում իրացվել է 7436.3 հազար լիտր բնական հյութ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Սարգիս Կառոլինա» (26.9 %), «Կոկա-Կոլա ՀԲԸ Արմենիա» (17.2 %) և «Ֆեռո» (13.5 %) ընկերությունները: Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև կարագի շուկայի կառուցվածքը, համաձայն որի, պակասել են շուկայի գերիշխող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից իրացվող կարագի ծավալները, սակայն ընկերությունը պահպանել է գերիշխող դիրքը 35.04 տոկոսով (նախկինում` 47.85 %):

Այս մասին տեղեկանցում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
 

19.03.2010, 17:40

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |