Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով:
Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունը և գնահատանքը բերեց Վեհափառ Հայրապետը:
Նախորդ ժողովի արձանագրության հաստատումից հետո Խորհրդի անդամները ձեռնամուխ եղան օրակարգային հարցերի քննարկմանը: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվեցին Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը:
Օրակարգում ընդգրկված էին Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռներին, ներեկեղեցական և միջեկեղեցական կյանքին առնչվող հարցեր:
Ժողովում ամփոփվեցին մարտի 16-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցելությանը, որը հերթական անգամ փաստեց երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների և սերտ համագործակցության մասին: Գերագույն Հոգևոր խորհրդում գնահատանքով ընդունվեց այցի կազմակերպիչ հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքների մասին զեկույցը: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից փոխանցվել է հրավեր` մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների հոգևոր առաջնորդների գագաթաժողովին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հայտնեց Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներին, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:
Այնուհետև անդրադարձ կատարվեց Վեհափառ Հայրապետի և նրա շքախմբի փետրվարի 17-19-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն կատարած այցին: Այցը կազմակերպված էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ծննդյան 91-րդ, քահանայական ձեռնադրության 70-րդ և պատրիարքական գահակալության 20-րդ տարեդարձերի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պատրիարքին տրված «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը հանձնելու առիթով: Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերը, ողջունեց Հայոց Պատրիարքին Նորին Սրբության բերած առաջարկը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողով գումարելու վերաբերյալ:
Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն ընդունեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զեկույցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից Պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ` վերահաստատելով փոխանցված տեղեկատվությունը, որ Թուրքիայի իշխանություններին ներկայացվել է Աթոռակից Պատրիարք ընտրելու վերաբերյալ դիմումը` սպասելով ընտրության անցկացման համար համապատասխան արտոնության տրամադրմանը:
Ժողովականներին տեղեկացվեց նաև, որ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հակոբ աբեղա Ապրեսյանը` կանոնազանց ընթացքի համար: Այսուհետ նա կարգվում է աշխարհականների դասում` կոչվելով ավազանի անունով` Միրզա Ապրեսյան:
Մայր Աթոռի տեղեկավական համակարգից հայտնում են, որ օրակարգում քննության նյութ դարձավ նաև թեմական, ներեկեղեցական վարչա-կառուցվածքային վերափոխումներ իրականացնելու ծրագիրը:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով:
20.03.2010, 14:16
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր