ARM   RUS   ENG

Մելիքյանը` Օսկանյանին. «Հաշտվեք Ձեր կարգավիճակի հետ»

«Հայաստանի իշխանությունները ավելի ամուր են կանգնած, քան երբևիցե եղել է», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե երկրի արտաքին քաղաքականության ձախողումները Հայաստանում իշխանափոխություն են հասունացրել:

Ըստ բանախոսի, Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնվող արտաքին քաղաքականության և տնտեսական իրավիճակի վերաբերյալ որոշ քաղաքական ուժերի հոռետեսական տեսակետները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունումից և Շվեդիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո անհիմն դարձան:

«Նախագահ Սարգսյանի կողմից վարվող արտաքին նախաձեռնողական ակտիվ քաղաքականությունն արդեն ունենում է իր դրական հետևանքներն, ոչ միայն այն հարցով, որ միջազգային ասպարեզում Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավելի է ակտիվացել, քան երբևիցե, այլև` Ղարաբաղի հարցի կարգավորման ակտիվ գործընթացի առումով»,- ասաց բանախոսը:

Ըստ Գ. Մելիքյանի, Վ. Օսկանյանի կողմից հնչեցված դիտողությունները, թե պետք է լուրջ փոփոխություններ իրականացվեն Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում, ևս հիմնազուրկ են:

«Մոռացե՞լ է արդյոք Վարդան Օսկանյանը, որ իր վարած արտաքին քաղաքականության հետևանքով էր, որ Ղարաբաղը դուրս մնաց քննարկումների բանակցային փուլից, թե նրա համար անընկալելի են արդեն երկու տարի հնչող` նախագահ Սարգսյանի հայտարարությունները, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցությունների գործընթացին, որ այդ գործընթացում միջնորդ երկրների կողմից ընդունելի է դարձել Ղարաբաղի մասնակցության հասկացությունը: Չեն ընդունվու՞մ Վարդան Օսկանյանի կողմից այն մտքերը, որոնք հստակ արտահայտվել են նախագահի Լոնդոնյան ելույթում, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում: Արդյոք հստակ չէ՞ այն միտքը, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում նաև այն պատճառով, որ մենք ունենք Նախիջևանի օրինակը, Սումգայիթի և Բաքվի ջարդերը, Շահումյանի և Գետաշենի օրինակները»,- նշեց նա:

«Կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի հստակ հնչեցված այդ փաստերը հենց այն գործողությունների հետևանքով առաջացան, որոնց պատճառով բավականին երկար ժամանակ ձգձգվեց Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը: Եվ այն, որ կարգավորումն արդեն մտել է լուծման ակտիվ գործընթացի մեջ,պետք է ընդունենք, որ դա բավականին հստակ և սկզբունքային է»,-նշեց պատգամավորը:

«Կարծում եմ, որ նեղ անձնական ցանկություններից ելնելով` կարիք չկա խնդիրներ բարձրացնել և ինտրիգների մեջ քաշել քաղաքական ուժերին: Ընդամենը կուզենայի ասել, պարոն Օսկանյան, ավելի լավ կլինի, որ հաշտվեք Ձեր կարգավիճակի հետ և հաճույք ստանաք դրանից»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Բանախոսը նաև հիշեցրեց, որ հենց Վարդան Օսկանյանն էր, որ 2007 թվականին խոսել էր Կարսի պայմանագրի վերանայման և վավերացման մասին:
 

20.03.2010, 14:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |