ARM   RUS   ENG

ՀՀ Նախագահը կմեկնի Սիրիա

Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհտևի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով:

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի և տիկին Ասմա ալ-Ասադի անունից` ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և վարչապետի հետ:

ՀՀ Նախագահը «Հայ-սիրիական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր:

Դամասկոսի օպերային թատրոնում Հայաստանի և Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

ՀՀ նախագահի մամլո գասենյակից հայտնում են, որ Հայաստանի Նախագահը այցի շրջանակում կլինի նաև Հալեպում և Դեյր Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների և Հալեպի ու Դեյր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 

20.03.2010, 14:17

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |