ARM   RUS   ENG

«Կովկասն այսօր գտնվում է սեյսմիկ ակտիվացման փուլում»

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը գումարել էր Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի նիստ:

ԱԱԽ խորհրդի քարտուղար, նիստի նախագահող Արթուր Բաղդասարյանը նշեց, որ սեյսմիկ անվտանգության խնդիրները մեր երկրի համար ունեն բացառիկ կարևոր նշանակություն, քանի որ 20-րդ դարի ընթացքում 4 խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել. «Սա նշանակում է, որ պետք է հնարավորինս արագ մշակենք ՀՀ սեսյմիկ անվտանգության հայեցակարգը»:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետ Էդիկ Բաղդասարյանը հավաստեց, որ սեյսմիկ պաշտանությունը հանրապետության համար ունի կարևոր նշանակություն, և ցանկացած երկրաշարժ կարող է վերածվել ազգային աղետի: Է.Բաղդասարյանի խոսքով, առավել բարձր է սեյսմիկ վտանգը Երևանում և հարակից տարածքներում, որտեղ բնակվում է Հայաստանի բնակչության կեսից ավելին: Ակտիվացել է նաև Գառնիի երկրաշարժի գոտին:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը, ներկայացնելով Սեյսմիկ անվտանգության զարգացման հայեցակրգը, իր հերթին, ասաց, որ եթե մինչև աղետը մեկ միավոր ներդրում արվի սեյսմիկ գոտում, ապա այն 10 անգամ կփոխահատուցվի:

«Խիստ կարիք կա հավանականային գնահատման քարտեզի կազմման: Սեյսմիկ միկրոշրջանացումը կարևոր ոլորտ է: Համարյա բոլոր քաղաքաներն ունեն սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ: Ընթացիկ վտնագի գնահատումն ընթացիկ գործընթաց է, և պետք է մեր սարքավորումների ու դիտարկումների ցանցն արդիականացվի: Մոտ 200 մլն դրամ արժողությամբ ծրագիր ենք պատրաստել, որպեսզի թարմացվեն սարքավորումները: Օրինակ, Սպիտակի երկրաշաժի ժամանակ կային շատ բացահայտ կետեր, որոնցով կարելի էր կանխատեսել երկրաշարժը, եթե լինեին սարքավորումներ»,- նկատեց Նազարեթյանը:

Նա հաղորդեց, որ կարևոր է նաև միջազգային համագործակցությունը, իսկ սեյսմիկ վտանգի մասին պատկերացում կազմելու համար երկու կարևոր փաստ կան. նախ, ըստ Նազարեթյանի, «Կովկասն այսօր գտնվում է սեյսմիկ ակտիվացման փուլում», ապա` լուրջ խնդիր է Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատումը:

Ճապոնական դրամաշնորհի միջոցներով այս տարվանից սկսվելու է մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկերի գնահատումը: Ինչ վերաբերում է Ատոմակայանին, Ս.Նազարեթյանը հավաստեց, որ բացարձակ խնդիրներ չկան. «Եթե ինչ-որ բան լինի, կլինի մարդկային գործոնի արդյունքում»:

Սերգեյ Նազարեթյանը նաև թվեց ոլորտները ,որոնք անուշադրության են մատնված:
Ըստ այդմ, կենսաապահովման գծերի ռիսկին պետք է ուշադրություն դարձնել, քիմիական գործարաններն ու հիդրոկայաններն են ուշադրոթյունից դուրս մնացել, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ու կառուցվածնքերի ուժեղացումն է լուրջ խնդիր, ուշադրության են արժանի մետրոները, կամուրջներն ու թունելները, որոնք Նազարեթյանի տեղեկացմամբ, տևական ժամանակ չեն ուսումնասիրվել:

«Հասարակության հետ պետք է լուրջ աշխատանքներ տանել, որ պատրաստ լինի արագ արձագանքել սեյսմիկ իրավիճակներին, ռեզերվների առումով վիճակը լավ չէ, փոխօգնությանը` ոչինչ, շատ վատ է վիճակը ապահովագրման հարցում»,- եզրափակեց բանախոսը:

ԱԱԽ քարտուղարը, ծանոթանալով հայեցակարգին, ասաց, որ այսօր կարևոր է սեյսմիկ անվտանգության հայեցակարգի մշակումը, և սա ըստ նրա, նշանակում է, որ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու կարիք կա:

«Առաջարկում եմ մինչև հունիսի վերջ փորձենք մեր խմբում ներգրավված նախարարությունների ներկայացուցիչների հետ համաձայնեցնենք դրույթները, հունիսին լսենք գերատեսչությունների տեսակետը, սեպտեմբերին ներկայացնենք ԱԱԽ նիստին»,- հավելեց Բաղդասարյանը` փակելով Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի հրավիրած նիստը:
 

22.03.2010, 15:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |