ARM   RUS   ENG

Գ. Բեգլարյանը Ստրասբուրգում պատասխանել է թուրք պատվիրակին

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցեց Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 18-րդ նստաշրջանին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ելույթ ունեցավ «Հարավային Կովկասում մայրաքաղաքների կարգավիճակը» թեմայով, Գ. Բեգլարյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընտրված քաղաքապետի կարգավիճակով Եվրոպայի խորհրդի կոնգրեսում ներկայացնել 2791-ամյա Երևան քաղաքը»:

Քաղաքապետը նաև նշեց, որ 2009 թվականի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները խորհրդանշում են մայրաքաղաք Երևանի միավորումը Եվրոպայի համայնքների ընտանիքին։ Կարևորելով Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման գործընթացում` քաղաքապետը ներկայացրեց կառավարման նոր համակարգի առավելությունները: «Նոր կարգավիճակով Երևանը մտադիր է շատ ավելի մեծ ընդգրկմամբ ու ակտիվությամբ ծավալել իր արտաքին կապերը` համագործակցությունը զարգացնելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և շատ այլ ոլորտներում»,- ընդգծեց Գագիկ Բեգլարյանը:

Նիստի նախագահողը շնորհավորեց Գագիկ Բեգլարյանին` որպես Հարավային Կովկասի մայրաքաղաքներից ժողովրդավարական ճանապարհով առաջին ընտրված քաղաքապետի: Հարց ու պատասխանի ժամանակ քաղաքապետին ուղղվեցին բազմաթիվ հարցեր. թուրք պատվիրակն ակնարկեց, թե ադրբեջանցի փախստականները չեն կարողանում մասնակցել ԼՂ-ի ընտրություններին: Գագիկ Բեգլարյանը, թուրք պատվիրակին հիշեցնելով, որ օրակարգում բոլորովին այլ հարց է քննարկվում, նշեց. «Ցավոք, Հայաստանում էլ այսօր շատ են Ադրբեջանից հայ փախստականները: Սումգայիթում էլ հայերն ընտրություններին չեն մասնակցում»:

Երևանի քաղաքապետի այս պատասխանից հետո թուրք պատվիրակն այլևս չմասնակցեց հետագա քննարկմանը: Շվեյցարացի պատվիրակի` «արդյոք Երևանը պատրա՞ստ է համագործակցել Հարավային Կովկասի բոլոր մայրաքաղաքների, այդ թվում նաև Բաքվի հետ» հարցին ի պատասխան Գագիկ Բեգլարյանը նշեց. «Համագործակցության առումով մենք բաց ենք բոլոր քաղաքների համար, որովհետև յուրաքանչյուր քաղաքից մենք, և ուրիշներն էլ մեզնից, շատ բան կարող ենք սովորել»:

Հայ գործընկերոջ խոսքը հաստատեց Դոնի Ռոստովի քաղաքապետը, ով, ներկայացնելով Երևանի և Ռոստովի միջև բարեկամական ջերմ կապերը, ընդգծեց, որ Երևանը վստահելի բարեկամ ու գործընկեր է:

«Արդյոք երևանցին զգո՞ւմ է, որ ինքն արդեն ունի ընտրված քաղաքապետ, այս առումով Երևանի ընտրված քաղաքապետի լիազորությունները բավարա՞ր են»,- հետաքրքրվեց Կոնգրեսի պատվիրակներից մեկը: «Այսօր Երևան քաղաքը Երևանի մասին օրենքով ամրագրված ավելի շատ իրավունքներ ունի, քան կենտրոնական իշխանությունների կողմից պատվիրակված լիազորություններ, որոնք մատների վրա կարելի է հաշվել»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

Համաժողովի բոլոր մասնակիցներին հրավիրելով` Երևանի քաղաքապետն ասաց.

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ պիտի տեսնի Երևանը: Հավատացե’ք, այն, իր բնակիչներով հանդերձ, այնքան ջերմ ու լավ քաղաք է, որ բոլորդ կսիրահարվեք նրան»:
 

22.03.2010, 18:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |