ARM   RUS   ENG

Հայաստանում սրտի միջին վիրահատությունն արժե 2,5 մլն դրամ

«Սրտային հիվանդությունների բուժումը ծախսատար, նյութատար պրոցես է, դժբախտաբար` բավականին թանկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սրտաբան, վիրաբույժ Վիլեն Մանուկյանը` նշելով, որ այսօր Հայաստանում սրտի միջին վիրահատությունն արժե 2,5 մլն դրամ:

Ըստ նրա, միայն ինքնարժեքով սրտի վիրահատությունն արդեն անընդունելի մեծ գումար է կազմում Հայաստանի համար:

«Սրտի վիրահատության միջին գինը պետք է լիներ 50-100 հազար դոլար: Հայաստանում մենք կարողանում ենք այդ վիրահատությունը կատարել 7-8 հազար դոլարով»,- ասաց նա և հավելեց, որ մենք չպետք է մոռանանք, որ վիրահատություն ենք կատարում մի երկրում, որտեղ աշխատավարձերը շատ ցածր են:

Սրտաբանի խոսքով, սրտի մեկ վիրահատություն անելու համար օգտագործվում է 4 հազար անուն ապրանք` դեղորայք և միանգամյա օգտագործվող նյութեր, և այդ նյութերի մեջ կան անվանակարգեր, որոնք գնահատվում են մի քանի հազար դոլար:

Վիլեն Մանուկյանը նաև հիշեցրեց, որ աշխարհում ցանկացած բուժգործողության գինը բաղկացած է երկու մասից` հարցի բուժական և հարցի կոմերցիոն կողմից:

«Հայաստանում ծայրաստիճան ուռճացված է հարցի կոմերիցիոն կողմը: Բազմաթիվ միջնորդներ, որոնք, այս կամ այն չափով, կարողանում են «բույն դնել» այդ միջավայրում, սկսում են թելադրել իրենց պայմանները և սկսում են անհարկի ձևով ազդել բժշկության գնի վրա»,- շեշտեց սրտաբանը:
 

22.03.2010, 15:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |